Картинки по запросу ծառուկյան դաշինք«Ծառուկյան» դաշինքի ապստամբած ռեյթինգայինների թեմային հետևելը գնալով հետաքրքիր է դառնում։ Երեկ ինքնաբացարկի դիմումները բողոքարկած թեկնածուներից 8-ը՝ Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Արթուր Մանուկյանը, Նապոլեոն Ազիզյանը, Խաչիկ Մանուկյանը, Արտյոմ Ծառուկյանը, Հարություն Ղարագյոզյանը եւ Վահան Կարապետյանը, մանդատ կստանան ԿԸՀ-ից:

Դե յուրե ամեն ինչ արդար է, դե ֆակտո՝ ոչ այնքան, որովհետև գործ ունենք ոչ թե ստանդարտ քաղաքական միավորի հետ, այլ անգամ հայաստանյան քաղաքական դաշտի համար բավական էնդեմիկ երևույթի՝ մարդ-կուսակցության։ Մյուս էնդեմիկ երևույթն էլ այդ մարդ-կուսակցության ոչ պակաս սպեցիֆիկ էլեկտորատն է։ Եթե մի պահ հիշենք նախընտրական քարոզարշավը, ապա վստահաբար կմտաբերենք «Ծառուկյան» դաշինքի քարոզչական գլխավոր մեխերից մեկը. ռեյթինգային թեկնածուների ընտրատարածքներում անպայմանորեն առկա էին գովազդային վահանակներ, որոնցում նրանցից յուրաքանչյուրը պատկերված էր Ծառուկյանի հետ գրկախառնված։

Սա բնավ պատահական լուծում չէր։ ԲՀԿ-«Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկով` էլեկտորատի մեծ մասը չի առաջնորդվում ծրագրային դրույթներով, ոչ էլ անգամ ռեյթինգային թեկնածուների գործոնն է այնքան որոշիչ, որքան դա ՀՀԿ-ի պարագայում է։ Այդ մարդը առաջնորդվում է «Ես Ծառուկյանին սիրում եմ, էս էլ իրա մարդն ա» սկզբունքով։ Իսկ որ «իրա մարդն ա»-ն ավելի ակնառու լինի, գրկախառնված նկարները պետք է անպակաս լինեին։ Հետևաբար տրամաբանական մի հարց է առաջանում․ որքանո՞վ են ընդվզողները այդքան ձայն հավաքել շնորհիվ սեփական հեղինակության, ջանքերի ու ռեսուրսների և որքանո՞վ՝ շնորհիվ Ծառուկյանի․․․

Իրականում իրավիճակի զավեշտն այն է, որ եթե Ծառուկյանը ճար ունենար, բոլոր ընտրատարածքներում ինքը կառաջադրվեր ու շատ ավելի լավ արդյունք կստանար, բայց քանի որ օրենքով դա արգելվում է, իր փոխարեն նշանակել էր տեղապահներ՝ համարելով, որ մանդատները, միևնույն է, իրենն են լինելու, ու ինքը կկարողանա տնօրինել դրանք իր հայեցողությամբ։ Մի բան հաշվի չէր առել Ծառուկյանը. տեղապահները կարող են սեփական ամբիցիաներն էլ ունենան ու չքաշվեն «թագավորի» դեմ ընդվզելուց։ Իսկ քանի որ դրսում 2017 թվականն է, ու համացանցը ակտիվ է առավել, քան երբևէ, այլևս հնարավոր չէ վզակոթին մի հատ տալով հարցը լուծել ու չհայտնվել էլ ավելի մեծ խնդիրների առջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել