Ինքնաբացարկ ներկայացրած ՀՀԿ-ականները կլինեն պետական այլ կառույցներում. ՇարմազանովYerkir.am-ը գրում է.
 ՀՀԿ-ից ինքնաբացարկի դիմում գրածների պրոֆեսիոնալ կարողությունները, նրանց ծառայությունները կուսակցությունը կօգտագործի ի փառս Հայաստանի Հանրապետության` պետական այլ կառույցներում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 «Հանրապետական կուսակցությունն ունի լայն կադրային բազա. մի մասը կաշխատի Ազգային ժողովում, մի մասը` կառավարությունում, մարզպետարաններում և առանձին կառույցներում»,- ասաց նա:

Հարցին` Արփինե Հովհաննիսյանին կտեսնե՞նք Ազգային ժողովում, մամուլը տարբեր հրապարակումներ է անում ԱԺ նախագահի, փոխնախագահների նշանակման վերաբերյալ, կուսակցությունում այս հարցերը քննակվե՞լ են, Շարմազանովն արձագանքեց. «Պաշտոնապես որևէ քննարկում  ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների, ֆրակցիայի ղեկավարի, քարտուղարի վերաբերյալ չի եղել: Դրանք բոլորը մամուլի հրապարակումների շարքից են, մենք որևէ քննարկում չենք իրականացրել կուսակցությունում»:

Նրանից նաև հետաքրքրվեցինք` որպես քաղաքական գործիչ, ինչպե՞ս է վերաբերվում «Ծառուկյան» դաշինքում տեղի ունեցող իրադարձություններին, երբ ինքնաբացարկ ներկայացրածներից 11-ը այժմ ԿԸՀ-ում բողոքարկում են` ասելով, թե նման դիմում չեն գրել: Շարմազանովն ասաց, որ կոռեկտ չի համարում մեկնաբանել այլ քաղաքական ուժի ներքին քաղաքական խմորումները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել