Մի գովելի փաստ կա, որ չենք կարող չարձանագրել այս ընտրությունների վերաբերյալ։ ԵԼՔ դաշինքը, չնայած որ չկարողացավ հասնել իր հիմնական նպատակին, այն է՝ իշխանափոխություն, ամեն դեպքում առավոտից իրիկուն փողոցներից տուն չգալով աշխատում է հիմա էլ Երևանի քաղաքապետի ընտրություններում ու փորձում ամեն կերպ պահել իր ընտրազանգվածը։ Անշուշտ, բավականին բարդ է լինելու հաղթահարել այս արգելքը, որովհետև, ինչ ուզում ես արա, Տարոն Մարգարյանին երևանցիները սիրում են, սակայն մյուս կողմից պայքարի այս միջոցը չի կարող ԵԼՔ-ին զգալի քվոտաներ չապահովել նաև Երևանի քաղաքապետի ընտրություններում։ Եվ սրա հիմնական ինդիկատորն ու առաջամարտիկը դաշինքը գլխավորող Նիկոլ Փաշինյանն է։ Անկախ մեր վերաբերմունքից՝ պիտի փաստենք, որ Փաշինյանը չի խնայում ո՛չ իրեն, ո՛չ թիմակիցներին ու իսկապես բակից բակ շրջելով կարողանում է քարոզչությունից մաքսիմալ էֆեկտ ստանալ։ Եթե, իհարկե, ԵԼՔ-ը ապագայում նույնպես շարունակի այս գործելաոճը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ նրանք հաջողություններ հաստատ կունենան, ու այս անգամ արդեն առարկայական չափով։ Չի կարող կատարված աշխատանքը արդյունք չտալ։ Ու այս ամենը Տարոն Մարգարյանի քարոզչության իներտ ֆոնին, քանի որ նրա քարոզչությունը չի տարբերվում իր կուսակցության առաջնորդների քարոզչություններից արդեն Պառլամենտականի ժամանակ։ Նույն միատոն, միվանկանի բառերը, որից մարդիկ գնալով հոգնում են։ Տարոնի բախտը այս անգամ միգուցե բերի, սակայն այսպես շարունակելու դեպքում ԵԼՔ-ն առաջիկայում լուրջ հակակշիռ է դառնալու ՀՀԿ-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: