Շատ է խոսվում, որ ԱԺ ընտրություններից հետո Հայաստանում քաղաքական կյանքը նորմալ հունով գնալու փոխարեն, ցավոք, ապատիայի մի նոր դոզա ստացավ, որը դեռ իր մաքսիմալ չափերին չի հասել ու արհեստականորեն պահպանվում է մինչև Երևանի քաղաքապետի ընտրությունների ավարտը։ Քաղաքապետի ընտրություններով կարող ենք արձանագրել ընտրական հերթական ցիկլի ավարտն ու արդեն կենտրոնանալ ապագայում սպասվող քաղաքական պլատֆորմին։ Պատկերն այս պարագայում ավելի քան տխուր է։ Թեպետ դեռ ոչինչ տեղի չի ունեցել, սակայն աշնանային հատվածում, երբ քաղաքական կյանքը ինչ-որ չափով ակտիվացման նշաններ ցույց կտա, հնարավոր են որոշ սրացումներ։ Հիմա պետք է հասկանալ՝ այդ սրացումները տեղի են ունենալու ներիշխանական ճամբարո՞ւմ, թե՞ ընդդիմություն-իշխանություն ճամբարում։ Խորհրդարանական ընդդիմությունը, ըստ էության, թույլ է որևէ բան փոխելու ու որոշումների վրա ազդելու համար։ Մնում է արտախորհրդարանական ընդդիմության ակտիվացումը։ Սրանք էլ, բացի փողոցից, այլ միջոց, ըստ էության, չունեն ինչ-որ բաների վրա ազդելու։ Սակայն այստեղ արդեն կարող են ավելի էֆեկտիվ լինել նրանց գործողությունները, որովհետև պառլամենտում ներկայացված ընդդիմությունից հանրային ակնկալիքներն ավելի շատ են, իսկ երկրորդների պարագայում կորցնելու բան չունեն, ոչ էլ մանդատ՝ գործողություն անելու։ Հետևաբար սրացման ու պայմանական «թեժ աշնան» պարագայում միգուցե արտահերթ ընտրություններ նշմարվեն։ Սա այն պարագայում, եթե իշխանությունը ներսում կարողանա կարգավորել իր հարցերը, որոնք գնալով սրվում են Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան տիրույթում։ Վարչապետն օր-օրի սկսում է հասկանալ Հայաստանը, ու նաև հասկանալ, որ այստեղ իր պատկերացրած տեխնոկրատիան ոչ միայն տեղ չունի, այլև շատ երկար ժամանակ է անհրաժեշտ կառավարման, այն էլ՝ վարչապետի պաշտոնում միայն վարչարարությամբ զբաղվելու համար։ Եվ կգա մի ժամանակ, երբ Կարապետյանը նաև քաղաքական օրակարգով հանդես կգա Սերժ Սարգսյանի դեմ, որովհետև ակնհայտ է, որ Կարապետյանին շատ բաներ կառավարության մեջ դուր չեն գալիս, ու նա դա չի էլ թաքցնում։ Այնպես որ, Սարգսյանը սա չի կարող նկատի չունենալ։ Իսկ թե ինչպես է պատրաստվում այդ հարցերի լուծումները գտնել, սա արդեն հաջորդ դասին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: