Մի քանի նկատառում ադրբեանական նաթային արտահանումների մասին: Արտահանման հիմնական ծավալները` մոտ 80%, բաժին են ընկնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին, որը Կասպից ծովի Սանգաչալի տերմինալը միացնում է Թուրքիայի Միջերկրական ծովի Ջեյհան նավահանգստի տերմինալին: Այն հիմնականում մղում է Ազերի-Չիրագ-Գյունեշլից արդյունահանված նավթը և շահագործվում է British Petroleum-ի կողմից ղեկավարվող կոնսորցիումով:
Թուրքական հատվածի օպերատորը BOTAS International ընկերությունն է: 2008թ. Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով տեղափոխվում էր նաև Թենգիզի դաշտից արդյունահանված ղազախական նավթը, որը լցանավերով հասցվում էր Սանգաչալի տերմինալ: 2010թ. հուլիսից այս նավթատարով տեղափոխվում է նաև թուրքմենական նավթը: BP ընկերությանն է պատկանում նավթամուղի ընդհանուր ներդրումների (մոտ $4 մլրդ) առյուծի բաժինը: Սկզբում BP ընկերությունը դեմ էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհանի իրականացմանը՝ այն արդարացված համարելով, եթե Ազերի-Չիրագ-Գյունեշլից նավթի արդյունահանումը հասնի օրական մեկ մլն բարել մակարդակի: Սակայն 1998թ. դեկտեմբերին ամերիկյան AMOCO ընկերության հետ միաձուլումից հետո, որի հետևանքով BP-ի համար բացվեց ԱՄՆ նավթային շուկան, ներառյալ՝ Մեքսիկական ծոցի ափեզրյա դաշտերը, ընկերությունը տեղի տալով ԱՄՆ ճնշմանը, համաձայնեց ծրագրի իրականացմանը:
Նավթամուղը հիմնական ռեժիմով աշխատանքները սկսել էր 2006թ. հուլիսից: Նրա նոմինալ տարողունակությունը կազմում է 1.0 մլն բ/օր, որը կարող է բարձրացվել մինչև 1.2 մլն-ի: Իրականում, սակայն, Բաքու-Թբիլիսի-Ջեյհանն աշխատել է իր նոմինալ տարողունակությունից զգալիորեն ավելի ցածր մակարդակով: Նավթատարի աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով 2010թ. հուլիսին Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև համաձայնագիր կնքվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհանով թուրքմենական նավթի տեղափոխման համար: 2015թ. փետրվարի 1-ի դրությամբ տեղափոխվել է մոտ 7.5 մլն տ թուրքմենական նավթ:
Հաջորդ նավթատարը Բաքու-Նովոռոսիյսկ 100 հազ. բ/օր նոմինալ թողունակությամբ խողովակաշարն է: 2010թ. այս խողովակաշարով ար-տահանման ռեժիմը կազմել էր 45.5 հազ. բ/օր, 2008թ.` մոտ 29 հազար: 2011թ. այս նավթամուղով տեղափոխվել էր մոտ 2 մլն տ նավթ, ինչը 11.3%-ով ավելի քիչ էր 2010թ. ցուցանիշից:
Երրորդ նավթատարը 145 հազ. բ/օր նոմինալ թողունակությամբ Բաքու-Սուփսա (Վրաստան) խողովակաշարն է: Համաձայն Գլոբալ սեքյուրիթի ընկերության տվյալների, ադրբեջանական նավթը սպասարկող Բաքու-Սուփսա նավթամուղը շահագործվում է Exxon ընկերության կողմից: Թեև այն BP-ի կողմից ղեկավարվող AIOC ընկերության անդամ է, որը շահագործում է Ազերի-Չիրագ-Գյունեշլի դաշտը, սակայն Exxon-ը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործող կոնսորցիումի անդամ չէ: Նավթատարը դադարի վիճակում էր 2006թ. հոկտեմբերից մինչև 2008թ. նոյեմբերը: