Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովի նախագահի հարց դեռևս չի քննարկել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին` քննարկել է ՀՀԿ-ն, թե ով է լինելու նորընտիր խորհրդարանի խոսնակը: «Երբ բոլորը կստանան իրենց մանդատները, կանդրադառնանք այդ հարցին»,- ասաց Սահակյ անը:
Դիտարկմանը, թե Ազգային ժողովի նախագահի պաշտոնում շրջանառվում է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Կարեն Կարապետյանի անունը, Սահակյանը պատասխանեց. «Բոլորն էլ ինձ համար հավատարիմ մարդիկ են: Շատ հնարավոր է, որ Կարեն Կարապետյանը լինի, ինչո՞ւ ոչ»:
Հարցին՝ իրեն տեսնո՞ւմ է Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, Գալուստ Սահակյանը կոչ արեց իրեն այդ պաշտոնում չտեսնել. «Եթե անկեղծ հարց եք տալիս, ինձ մի տեսեք այդ պաշտոնում, ինձ տեսեք որպես Գալուստ Սահակյան: Ես չեմ սիրում այդ մրցությունը, որ հայ ժողովրդի մեջ կա: Բոլորն ուզում են ամեն ինչ դառնալ: Ցանկացած հայ, որ երրորդ, չորրորդ կամ հինգերորդ դասարան է գնացել, ուզում է թագավոր դառնալ»:
Անդրադառնալով հարցին` կկարողանան «Ելք» դաշինքը և «Ծառուկյան» դաշինքը խորհրդարանում ընդդիմության դերը ստանձնել` Սահակյանն ասաց, որ ԲՀԿ-ին լավ գիտի, սակայն «Ելք»-ին դեռ լավ չի ճանաչում, քանի որ այդ դաշինքը ձևավորվել է խորհրդարան մուտք գործելու համար: ««Ելք»-ից երկու մարդ կան, ովքեր ՀՀԿ-ական են եղել: Նրանց ես շատ լավ ճանաչում եմ»,- նշեց ԱԺ նախագահը:
Նա նաև նկատեց, որ հին խորհրդարանի շուրջ 30 պատգամավորներ նոր խորհրդարանում չեն լինի: Սահակյանի գնահատմամբ` Հայաստանի բոլոր գումարման խորհրդարանները միշտ էլ որակյալ են եղել: Նրա խոսքով` Հայաստանը նոր կազմավորվող պետություն է ու խորհրդարանի աշխատանքը գնալով ավելի պարզ ու շիտակ է դառնում: