Երևանի ավագանու ընտրությունների ինտրիգը դեռ նոր է հասունանում, սակայն արդեն ունենք թեկնածուների մի պատկառելի ցանկ, ովքեր, ամենայն հավանականությամբ, կհավակնեն Երևան քաղաքի կառավարման պաշտոնին։ Բնականաբար, առաջին տեղում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, ով և կհամարվի ֆավորիտ, եթե, իհարկե, արտառոց դեպքեր ու պատահարներ տեղի չունենան, ու եթե ՀՀԿ-ն որոշի Մարգարյանին վստահել քաղաքի կառավարման առաջիկա հինգ տարիները ևս։ Ինչո՞ւ ենք ասում ֆավորիտ, որովհետև Տարոն Մարգարյանին հաջողվեց նախևառաջ լեզու գտնել հանրության հետ, քանի որ մինչ այդ ահագին քաշքշուկներ եղան քաղաքի ճարտարապետության հետ կապված հարցերում (Փակ շուկայի քանդում, Մաշտոցի պուրակի ապամոնտաժման խնդիր): Երևանը իսկապես դարձել է ավելի մաքուր, ճիշտ է, դեռ խնդիրներ կան, սակայն զգացվում է, որ դրանք տարեցտարի լուծվում են։ Ամենակարևորը, որ հանրությունը, ի տարբերություն պետական շատ պաշտոնյաների, Տարոն Մարգարյանի հանդեպ ունի որոշակի համակրանք, քանի որ վերջինս, բացի Անդրանիկ Մարգարյանի որդին լինելուց, նաև, ի տարբերություն իր շատ կուսակիցների, համեստ, օրինակելի կյանք է վարում։ Ավելին՝ մինչև վերջերս Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելը, Տարոն Մարգարյանը իշխանության ներկայացուցիչներից ամենամեծ ռեյտինգն ու հեղինակությունն ուներ։ Այնպես որ, կարծում ենք՝ քաղաքապետի ընտրություններում հիմնական ինտրիգը լինելու է այն, թե որ կուսակցությունը կամ դաշինքը ավագանու ընտրությունների ժամանակ կզբաղեցնի երկրորդ տեղը, այս սա բավականին լուրջ քննարկման թեմա ու հաշվի առնելով այն անունները, ովքեր շրջանառվում են որպես քաղաքապետի թեկնածու, ընտրությունները խոստանում են լինել բավականին հետաքրքիր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: