Times.am-ը գրում է.
 Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, ով ընդգրկված է ԱՊՀ դիտորդական առաքելություն իրականացնող խմբում, դրական է գնահատում ապրիլի 2-ին անցկացված հայաստանյան խորհրդարանական ընտրությունները:
 «Կցանկանայի իմ հարգանքը եւ հիացմունքը արտահայտել Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի եւ նրանց ընդհանուր համակարգի նկատմամբ, որի առաջ դժվար խնդիր էր դրված, եւ որը, ըստ իս, հաջողությամբ են իրականացրել: Նաեւ իմ հիացմունքն եմ արտահայտում ընտրողների նկատմամբ, ովքեր անկախ ամեն ինչից եկել են եւ աջակցել են այս ընտրական գործընթացին: Կասկած չունեմ արդյունքների ճշմարտացիության հարցում»,-ասաց նա:
 Չնայած դրական գնահատականին՝ այնուամենայնիվ, Լիդիա Երմոշինան նշեց նաեւ այնպիսի թերությունների մասին, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող անձանց համար անարգել միջավայրի ապահովման բացակայությունը, նոր տեխնիկական միջոցների պատճառով կուտակումների առկայությունը եւ այլն:
 «Համարյա բոլոր տարածքներում հավաքվել էր մարդկանց ամբոխ: Այն հերթերը, որ գոյանում էին տեխնիկական հարցերի պատճառով, դժվարացնում էին մշտադիտարկումը, ինչն այդքան էլ լավ պատկեր չէր թողնում: Հասկանալի է, որ սրանք հավանաբար մեր խնդիրներն են, այլ ոչ թե ընտրողներինը»,-ընդգծեց Բելառուսի ԿԸՀ նախագահը:
Նրա դիտարկմամբ՝ այս ամենի հետ մեկտեղ ընտրությունները հարթ են ընթացել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել