2004թ. հունիսին Հայաստանը (Վրաստանի և Ադրբեջանի հետ միասին) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) շրջանակներում։ 2005թ. մարտին Եվրոպական Հանձնաժողովը Եվրոպական Խորհրդին ներկայացրեց վերջիններիս մասին զեկույցները («Երկրի զեկույց»): Եվրոպական հարևանության քաղաքականությունը հավակնոտ նպատակներ է սահմանում՝ հիմնվելով ընդհանուր արժեքների նկատմամբ կողմերի նվիրվածության և քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման վրա:
Հայաստանի ընդգրկումը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ հարաբերությունները տեղափոխեց որակական նոր մակարդակ: Գործընկեր և համագործակցող կարգավիճակ ունեցող երկրից Հայաստանը դարձավ ԵՄ հարևան երկիր: ԵՀՔ-ն Հայաստանին առաջարկում է քաղաքական, անվտանգության, տնտեսական և մշակութային ինտենսիվ հարաբերություններ հաստատել ԵՄ-ի հետ, ամրապնդել տարածաշրջանային և միջսահմանային համագործակցությունը, ինչպես նաև պատասխանատվություն ստանձնել հակամարտությունների կանխարգելման և կարգավորման հարցում:
ԵՀՔ-ի մասնակից երկրները
2006 թվականի նոյեմբերին հաստատված ԵՀՔ գործողությունների ծրագիրն այդ գործընթացի առաջին քայլն է։ Գործողությունների ծրագիրը քաղաքական փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում են Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության ռազմավարական նպատակները:
Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացումը նշանակալիորեն կնպաստի Հայաստանի Հանրապետության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին: Այս համատեքստում ամուր հիմքեր կստեղծվեն հետագա տնտեսական ինտեգրման համար՝ հիմնվելով տնտեսության և առևտրի բնագավառում այնպիսի կանոնների և դրույթների ընդունման և կիրառման վրա, որոնք կխթանեն առևտուրը, ներդրումները և տնտեսական աճը: Ծրագիրը կօգնի մշակել և իրականացնել այնպիսի քաղաքականություն և միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն տնտեսական աճին, սոցիալական ներդաշնակեցմանը, աղքատության նվազեցմանը և շրջակա միջավայրի պահպանությանը՝ խթանելով կայուն զարգացման երկարաժամկետ իրականացումը:
2009 թվականի ապրիլի 23-ին Բրյուսելում Եվրոպական Համայնքների Հանձնաժողովի կողմից պաշտոնապես հրապարակվել է “2008 թվականի Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման” առաջընթացի մասին զեկույցը: Նմանատիպ զեկույցներ են ներկայացվել նաև 2010-ին(տես այստեղ) և 2011-ին(տես այստեղ):
2009 թվականի մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատվեց Եվրոպական հարևանության քաղաքականության Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ցանկը:
Եվրոպական Հարևանության Քաղաքականությունը մեր տարածաշրջանում էլ ավելի ամրապնդվեց դրա շրջանակներում 2009-ին Արևելյան Գործընկերության ստեղծումից հետո:




