2008 թվականի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ Եվրոպական Հանձնաժողովըառաջարկ էր ներկայացրել նոր Արևելյան գործընկերության վերաբերյալ, որը փոփոխության է ենթարկելու Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ունեցած Եվրոպական Միության արտաքին հարաբերությունները: Այս գործընկերությունը ենթադրում է քաղաքական ինտեգրման ավելի բարձր աստիճան, որն իր մեջ ներառելու է նաև ասոցացված պայմանագրերի կնքման նոր հնարավորություններ, ինչպես նաև Եվրոպական Միության տնտեսության մեջ ներգրավվելու հեռանկարային նպատակներ:
Արևելյան գործընկերության գլխավոր նպատակն այն է, որ ԵՄ արևելյան հարևան երկրներն առավել մոտենան Եվրոպական Միությանը: Միևնույն ժամանակ ԵՄ-ի կենսական շահերից է բխում իր արևելյան սահմաններում կայունություն, առավել լավ կառավարում ու տնտեսական զարգացում ապահովելը:
Նախաձեռնության հիմնական նոր կետերը հետևյալն են՝
1. Նոր ասոցացված պայմանագրեր՝ ներառյալ ազատ առևտրի համապարփակ պայմանագրեր նրանց համար, ովքեր պատրաստ են և ցանկություն ունեն պարտավորություններ ստանձնելու դրանցով.
2. Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող համապարփակ ծրագրեր, որոնց նպատակն է կատարելագործել ԵՄ-ի գործընկերների վարչական կարողությունները.
3. Աստիճանական ինտեգրում ԵՄ-ի տնտեսությանը (գործընկեր պետությունների տնտեսություններին համապատասխանող անհամաչափությամբ)՝ ներառյալ կարգավորման համապատասխանեցման վերաբերյալ իրավաբանորեն պարտադիր պարտավորություններ.
4. Գործընկերների խրախուսում՝ միմյանց միջև առևտրային ցանցի զարգացման հարցում, որը կարող է հետագայում վերածվել Հարևանության տնտեսական համայնքի.
5. ՙՏեղաշարժի և անվտանգության վերաբերյալ դաշնագրերի կնքում՚ որոնք թույլ կտան առավել հեշտությամբ ճանապարհորդել Եվրոպական միությունում օրինական կերպով՝ միևնույն ժամանակ մեծացնելով ջանքերը կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և անօրինական միգրացիայի դեմ պայքարում:
6. Հանձնաժողովի կողմից աշխատանքի շարժունակության վերաբերյալ հնարավորությունների քննարկում՝ ԵՄ աշխատանքի շուկայի հետագա ընդլայնման նպատակով.
7. ԵՄ-ի և նրա արևելյան գործընկերների համար ընդլայնված էներգետիկ անվտանգության առկայություն.
8. Տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրերի կազմում գործընկեր երկրներում, որոնք հատկապես ուղղված են տնտեսական և սոցիալական ծայրահեղ անհավասարություններին դիմակայելուն.
9. Ռազմավարությունների չորս բազմակողմ հարթակների ձևավորում՝ ժողովրդավարության, արդյունավետ կառավարման և կայունության, տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին համապատասխանեցման, էներգետիկ անվտանգության, ինչպես նաև մարդկանց միջև կապերի ձևավորման՝ ուղղված գործընկեր երկրների անհատական բարեփոխումների իրականացման ջանքերին.
10. Այնպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող նախաձեռնությունների առկայություն, ինչպիսիք են սահմանների համակցված կառավարման ծրագիրը, էլեկտրական էներգիայի տարածաշրջանային շուկաների զարգացումը, էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացումը, Հարավային էներգետիկ միջանցքի կատարելագործումը և այլն.
11. Մարդկանց միջև կապերի զարգացումը և քաղաքացիական հասարակության ու այլ շահառուների ներգրավվածությունը՝ ներառյալ Եվրոպական պառլամենտում.
Արեւելյան գործընկերության օրակարգի հիմնական մասը ձեւավորվելու է ԵՄ-Արեւելյան գործընկեր երկկողմ հարթությունում: Բոլոր Արեւելյան գործընկերներին առաջարկվում է ստորագրել Ասոցացման համաձայնագրեր, որոնք տարբերակվելու են համաձայն առանձին երկրների համագործակցության պահանջների եւ խնդիրների: Ասոցացման համաձայնագրերը կանոնակարգելու են ԵՄ օրենսդրության հետ համակարգված մոտարկումը եւ տարբեր ոլորտներում ընթացակարգերի ներդաշնակեցումը: Արեւելյան գործընկերության շրջանակներում բազմակողմ համագործակցությունն իրականացվում է չորս տարբեր թեմատիկ պլատֆորմների միջոցով. 1.ժողովրդավարություն, արդյունավետ կառավարում եւ կայունություն, 2. տնտեսական ինտեգրում եւ համապատասխանեցում ԵՄ քաղաքականության հետ 3. էներգետիկ անվտանգություն եւ 4. մարդկանց միջեւ շփումներ:
Ինչ վերաբերում է այս գործընկերության ներքո տրամադրվող լրացուցիչ ֆինանսական օժանդակությանը, ապա 2008թ-ին տրամադրված 450 մլն. եվրոյից բացի մինչև 2013 թվականը տրամադրվելու են լրացուցիչ 350 մլն. եվրո ֆինասական միջոցներ: Դեռ ավելին, ԵՀՔ տարածաշրջանային ծրագրերին արդեն իսկ հատկացված 250 մլն. եվրոն կվերաբաշխվի:
2009թ. մայիսի 7-ին Պրահայում կայացավ ԵՄ քսանյոթ եւ Արեւելյան գործընկերության վեց երկրների ղեկավարների գագաթաժողովը` ազդարարելով Արեւելյան գործընկերության պաշտոնական մեկնարկը: Գագաթաժողովի ընթացքում ստորագրվեց Արեւելյան գործընկերության վերաբերյալ համատեղ հռչակագիր` հիմք դնելով առավել սերտ համագործակցությանն ու նոր նախաձեռնությունների իրականացմանը:
Ասոցացման համաձայնագիր
Եվրամիության հետ ՀՀ համագործակցությունը կարգավորող հիմնական փաստաթուղթը` Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը, ուժի մեջ է մտել 1999թ. հուլիսին` 10 տարի ժամկետով: Ըստ համաձայնագրի համապատասխան դրույթի` ժամկետը լրանալուց հետո այն տարեկան ինքնաբերաբար երկարաձգվում է:
Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ը առաջարկել է ասոցացման համաձայնագիր կնքել Հայաստանի հետ: Այն փոխարինելու է ներկայումս գործող Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրին: Ասոցացման համաձայնագրում արտացոլվելու են տնտեսական ինտեգրման, տեղաշարժի եւ էներգետիկայի հարցերի վերաբերյալ համագործակցության ուղենիշները: Ասոցացման համաձայնագիրը նպատակ ունի խորացնելու ԵՄ հետ գործընկեր երկրների քաղաքական ասոցացումը եւ խթանելու տնտեսական ինտեգրումը` ԵՄ օրենսդրության եւ չափանիշների հետ մոտարկման եւ երկուստեք շուկաներ մուտք ապահովելու նպատակով: Ասոցացման համաձայնագիրն ընդգրկելու է խորացված եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու վերաբերյալ դրույթներ: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010թ. հուլիսի 19-ին:




