Կասկածից դուրս է, որ վերջին մի քանի օրվա ամենաթեժ միջազգային քաղաքական քննարկումների կիզակետում գտնվում են Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական ընտրությունները և դրանց արդյունքները: Ինչպես հայտնի է ընտրությունների արդյունքում Դումա ընտրվեցին <<Եդինայա Ռոսիա>>, <<ԿՊՌՖ>>, <<Սպրավեդլիվայա Ռոսիա>> և <<ԼԴՊՌ>> կուսակցությունները, ինչպես նաև որոշ ֆեդերալ օկրուգներում <<Յաբլոկո>> կուսակցությունը: Անկասկած, այդ արդյունքները բավականին երկիմաստ են և բնական է արժանանում են տարաբնույթ գնահատականների և մեկնաբանությունների: Նման վերլուծությունները կամ քննարկումները սովորաբար ոնց չես նայում պտտվում են մի հարցի շուրջ` <<Ինչու <<Եդինայա Ռոսիա>> կուսակցությունը այդքան քիչ ձայն հավաքեց>>: Լիովին համաձայն եմ նման հարց առաջ քաշողների հետ, էլ ավելի համաձայն եմ այս հարցը մեկնաբանողներից շատերի հետ, սակայն ըստ ինձ գոյություն ունեն շատ ավելի լուրջ ու խորքային հարցեր, որոնք որոշակիորեն դուրս են մնում քաղաքական մեկնաբանների ուշադրությունից:
Սակայն սկզբում անդրադառնամ հենց ամենից շատ քննարկվող հարցին և տամ իմ սեփական մոտեցումը այս հարցին: Գիտեք, իմ կարծիքով Ռուսաստանում ներկայումս առկա է լուրջ ներքաղաքական հիասթափություն ոչ թե <<Եդինայա Ռոսիա>>-յի կամ Մեդվեդև-Պուտին տանդեմի իրականացրած գործողությունների հանդեպ, այլ հենց վերոգրյալ երկու հեղինակավոր քաղաքական գործիչների վարքագծի հանդեպ: Պատկերացնենք հետևյալ իրավիճակը. ես Կամչատկայի հեռավոր գյուղերից մեկի տեղեկատվական մեծ հոսքերից զուրկ մեկուսացված օրինապահ ՌԴ քաղաքացի եմ և բոլոր ընտրություններին անտարակուսորեն մասնակցում եմ: Ես կարողանում եմ դիտել միմիայն հանրային հեռուստատեսության շատ բարի ու ոգեշնչող հայրենասիրական հաղորդումները և ես լիովին վստահ եմ մինչև հերթական խորհրդարական ընտրությունների քարոզարշավը, որ իմ երկրում ամեն-ինչ ժողովրդավարական է և արդար: Հանկարծակի նման <<բարի>> հաղորդումներից մեկի ընթացքում ներկայիս նախագահը և վարչապետը բացեիբաց հայտարարում են, որ իրենք դեռ 4 տարի առաջ որոշել էին, որ խորհրդարանական ընտրություններից հետո փոխվելու են իրենց պաշտոններով…ԵՍ ԱՅԴ ՊԱՀԻՆ ԶԳՈՒՄ ԵՄ ԻՆՁ ԿԱՐԾԵՍ ԼԻԱՐԺԵՔ ՀԻՄԱՐ, ՈՒՄ ԽԱԲԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 4 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ: Հավատացեք, ընտրությունները ցույց տվեցին, որ այս <<ՀԻՄԱՐԻ ՍԻՆԴՐՈՄՈՎ>> չի ցանկանում տառապել Ռուսաստանի բնակչության 51%-ը, որոնք և քվեարկեցին իշխող կուսակցության առաջնորդների դեմ, ովքեր ցանկանում էին հիմարեցնել ողջ երկրի բնակչությանը:
Սակայն գոյություն ունի մեկ այլ առանցքային նոր գոյացած իրողություն, որի ենթատեքստում ես լիովին սատարում եմ <<Եդինայա Ռոսիա>> կուսակցությանը: Ցավալի է, սակայն Ռուսաստանում և մասնավորապես նրա օրենսդիր մարմնում ավելանում են ապակառուցողական նացիոնալիստական ընդդիմադիր ուժերը, որի առաջնորդները արդեն ամոթները կորցրած ողջ ուժով աղաղակում են <<Ռուսաստանը ռուսների համար!!!>> և հավաքում 10%-ից ավելի ձայներ: Նողկալի իրավիճակ հատկապես մեր` հայերիս համար` հաշվի առնելով մեր համայնքի մեծությունը քննարկվող երկրում: Մեկ այլ հետաքրքիր հարց է, թե ինչպես Կոմունիստները, որոնց բոլորը ծաղր ու ծանակի առարկա են դարձնում, հավաքեցին 20% ձայն: Ոչ, ոչ մի մտածեք, որ ռուսները կարոտել են խորհրդային բարեկեցությունը և կարգուկանոնը, ոչ էլ կոմունիստները մի նոր ֆանտաստիկ ծրագիր են գրել: Բանը նրանում է, որ չկողմնորոշված և բոլորին հիմարի տեղ դնող իշխանական տանդեմին դեմ քվեարկող ռուսների զգալի մասը գտավ, որ կոմունիստներն են այն այլընտրանքը, որը կարող է քիչ թե շատ հակադրվել նացիոնալիստական ընդդիմությանը: Միաժամանակ բոլոր տեսակի ընդդիմությունների հեղինակության աճը ես մեծամասամբ կապում եմ ընտրաթերթիկներում <<բոլորին դեմ>> վանդակի վերացման հետ, որի պարագայում շատերը ստիպված քվեարկում էին ընդդիմության օգտին և ասել որ ընդիմությունը հաղթեց, առնվազն ճիշտ չի լինի:
Մեկ այյ հարց կապված ընտրությունների կեղծման հետ…հարց, որը արդիական է բոլոր հետխորհրդային երկրներում ցանկացած ընտրություններից հետո: Չեմ ցանկանում որևէ կերպ ասել կամ հայտարարել, որ կեղծիքներ չեն եղել, սակայն կասկածից դուրս է, որ այս անգամ դրանք այդքան մեծածավալ չէին հատկապես մեգապոլիսներում` Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ ընտրությունների արդյունքները սկզբունքորեն տարբերվում են մարզերի արդյունքներից: Զավեշտալի են ինձ համար միայն Չեչնիայի Հանրապետությունում գրանցված արդյունքները` 99.2%-ը ի օգուտ իշխող կուսակցության: Էլ չեմ ասում այն զավեշտալի նկարների մասին, որոնց համաձայն Ռոստովում ձայների հաշվարկը իրականացվում է 120 %-ոց համակարգով` երևի որ ոչ ոք չնեղանա:
Ամեն դեպքում, հոդվածիս վերջում ցանկանում եմ նմանվել միջազգային բոլոր դիտորդներին և ասել, որ այս ընտրությունները անկախ ամեն-ինչից առաջընթաց էին և մեկ քայլ ավելի մոտ էին ժողովրդավարական ընտրություններին….
Հեղինակ` Արմենակ Մինասյանց



