Առաջիկա ընտրություններում հասարակությունն ունի ընտրության շատ ավելի լայն հնարավորություն` ինչպես կուսակցությունների ներսում, այնպես էլ կուսակցությունների միջեւ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանը՝ ընդգծելով, որ չնայած թեժ, երբեմն անթույլատրելի արարքներով ուղեկցվող պայքարին՝ այնուամենայնիվ, այն իր մեջ պարունակում է ընտրական մեխանիզմների առումով ամենալայն հնարավորությունները: «Ինչու պետք է ընտրել ՀՀԿ-ին, դրա համար ունենք բազմաթիվ պատճառներ, հիմնավորումներ. մենք յուրաքանչյուր հաջորդ ընտրությանը գնում ենք ավելի իրատեսական, ավելի փորձառու թիմով եւ ավելի մեծ քաղաքական բազայով, յուրաքանչյուր հաջորդ ընտրություն մեծ պատասխանատվություն է երկրի ապագայի եւ հաջորդ 4-5 տարիներին իշխանություն ստանձնելու առումով ու էլ ավելի ճանաչելի եւ խորքային իմաստով հասկանալի է դարձնում մեր ընտրողների խնդիրները»,-ասաց նա:
Արտակ Զաքարյանը ողջունելի է համարում ձեւավորված բազմաշերտ քաղաքական դաշտը, որտեղ տարբեր քաղաքական ուժեր ունեն իրենց ուրույն մոտեցումները: «Մենք հստակ եւ ամուր լիարժեք ապահովագրված քաղաքականություն ենք իրականացնում արտաքին ոլորտում՝ հակասությունների մեջ չմտցնելով մեր շահերը, անվտանգության խնդիրը բարձրացնում ենք օրակարգային թիվ մեկ հարց, որովհետեւ դրա բացակայության պարագայում նույնիսկ ամենալավ տնտեսական- սոցիալական վիճակը մեծ հարց է դառնում: Հետեւաբար, գնահատելով երկրի առջեւ ծառացած իրական խնդիրները՝ մենք մեր ծրագիրը կառուցում ենք հենց այդ խնդիրների շուրջ: Պետք է տնտեսական, զբոսաշրջային, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համապատասխան զարգացումների միջոցով կարողանանք իրոք առաջընթաց ապահովել»,- եզրափակեց ՀՀԿ պատգամավորության թեկնածուն: