Երեկ Նոր Նորքում տեղի ունեցած միջադեպը` «ԵԼՔ» դաշինքի ու «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների միջև, եկավ ապացուցելու մեկ բան։ Շատ հետաքրքիր էր, որ, բացի նրանից, որ Ոստիկանությունը բերման ենթարկեց ու կալանավորեց օրինախախտ կանանց, «Ծառուկյան» թիմի անդամն ու պատգամավորի թեկնածուն եկավ ու ներողություն խնդրեց իր թիմակիցների պահվածքի համար։ Սա, իհարկե, առաջին հայացքից մեծ բան չասող, բայց իրականում շատ կարևոր ու գովելի հանգամանք էր։ Ինչո՞ւ։
Տարիներ շարունակ ընդդիմության ու իշխանության միջև տեղի ունեցող քարոզարշավները անցնում են չափազանց լարված մթնոլորտում, ու հայհոյանքները, երբեմն նույնիսկ արյունալի բախումները դառնում են անխուսափելի։ Իհարկե, կարող ենք ասել, որ Ծառուկյանն այսօր գործում է ընդդիմադիր դաշտում, սակայն դա կապ չունի, իրավիճակը այնպիսին էր, որ քաղաքական առումով այս երկու սուբյեկտները միմյանց հանդեպ սոլիդարությամբ աչքի չէին ընկնում։ Եվ այս պահին հանգստություն պահպանելն ու ընտրական կարգ չխախտելը ամենագլխավորն է, որ պիտի արվի։ Ի դեպ, եթե նկատեցիք, Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները չփորձեցին անգամ հարաբերություններ պարզել «ԵԼՔ»-ականների հետ, ընդունեցին իրենց սխալն, ու հարցը արագ կարգավորվեց։ Հուսանք՝ այսպես կշարունակվի նաև քարոզարշավի մնացած ժամանակահատվածում։ Ի դեպ՝ բովանդակային տեսանկյունից առայժմ քարոզչական մասով «ԵԼՔ»-ը շատ արդյունավետ է աշխատում՝ բակերում ու քաղաքի տարբեր հատվածներում հանդիպելով քաղաքացիների հետ։ Իսկ թե կրքերը ինչքանով կլարվեն, ցույց կտա ժամանակը։