Հայաստանի պաշտպանության նախարարության առաջնահերթ խնդիրը զինվորների մարտունակության բարձրացումն է, նրանց ժամանակակից սպառազինությամբ ապահովումը և ծառայության անվտանգության մակարդակի բարձրացումը: Մարտի 12-ին Վայոց Ձորի մարզում ազատամարտիկների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Արդեն իրականացվել է մի ծրագիր, որի արդյունքում մենք կարողացանք առաջնագիծը զինել ժամանակակից տեսադիտարկման սարքերով, որոնք իրականում շատ բան են փոխում առաջնագծում վիճակը հսկողության տակ պահելու, ներթափանցման փորձերը կանխելու, կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու առումով: Շաբաթներ առաջ մենք ականատես եղանք, թե ինչպես այդ սարքավորումները թույլ տվեցին առանց մեկ վիրավոր տալու մեծ կորուստներ պատճառել հակառակորդին և լուծել մարտական շատ կարևոր խնդիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Հայկական զինված ուժերն անընդհատ կատարելագործում են սպառազինության հնարավորությունները, բարելավվում է ՀՀ ռազմաարդյունաբերական ներուժը: Միջազգային համագործակցության ոլորտում ևս շարունակվում են պահպանվել բանակցային գործընթացներն ու գործընկերային հարաբերությունները, զինծառայողների ու ազատամարտիրկների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումն էլ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում է:
«Բոլոր այս ուղղություններով մենք ունենք շատ հետաքրքիր ծրագրեր: Ինչպիսին էլ լինեն մեր խնդիրները տնտեսական, սոցիալական ոլորտում, մենք պատերազմող երկիր ենք, և մենք ընտրում ենք մեր անվտանգության համար պատասխանատու քաղաքական ուժի: Մենք ընտրում ենք քաղաքական ուժի, որը պետք է դրսում կարողանա բանակցություններ վարել, ներսում` բանակ կազմակերպել: Ես կարծում եմ՝ այս պարագայում ընտրությունը ձեզ համար հստակ ու շատ պարզ է լինելու: Ես կարող եմ ձեզ մի բան խոստանալ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում փոփոխությունները զգալի են լինելու»,- եզրափակել է Վիգեն Սարգսյանը, ով գլխավորում է Ազգային ժողովի առաջիկա ընտրություններչում ՀՀԿ համամասնական ցուցակը: