Աչքի անկացրեցի նաև ՕԵԿ-ՀՎԿ նախընտրական ծրագիրը: Առաջին հայացքից պրոֆեսիոնալ գրված ծրագիր է, բայց ի՞նչ են արել ուղեղային գիգանտները: Վերցրել են նախկինում և ներկայումս քննարկված 30 օրինագիծ ու դարձրել են նախընտրական ծրագիր։ Եթե պլագիատի համար Հայաստանում մահապատիժ սահմանված լիներ, ՀՎԿ-ն այդ ցուցակում առաջինը կլիներ:
Որպես ակնառու օրինակ բերենք նրանց 13-րդ կետը, որում ասված է. «Շահումով և խաղադրույքով խաղերի ոլորտում պետական բյուջե գանձվող հարկերի ավելացում, վերահսկողության ուժեղացում և օրենսդրության խստացում` հատկապես, երիտասարդների ներգրավման մասով»: ՀՎԿ-ում կա՛մ քնած են եղել, կա՛մ էլ մտածել են՝ մարդիկ չեն նկատի, բայց, հարգելի ուղեղային գիգանտներ, այս հարցը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելու օրվանից սկսած քննարկվել է, ու չեք պատկերացնի, բայց այդ հարկերը բարձրացվել են, որը շատերի կողմից ողջունվել է, շատերի կողմից՝ քննադատվել:
Սա ծրագիր է այն կուսակցության համար, որը համոզված է, որ մեծամասնություն չի կազմելու խորհրդարանում, 5 մանդատ է ունենալու ու այդ 5-6 մանդատի համար առանձնակի գլուխ էլ չեն կոտրել, որտեղ ինչ տեսել են, հավանել են, ներս են բերել: Դրա մասին է խոսում նաև Արցախի հարցին չանդրադառնալը, եթե նրանք համոզված լինեին, որ մեծամասնություն կլինեն, Արցախի հարցը լայնածավալ քննարկման կենթարկեին ու ծրագրում կունենային:
Եզրակացություն. Արթուր Բաղդասարյանը ստեղծել է մի ուժ, որը ծառայեցնում է սեփական նպատակներին, իսկ սեփական նպատակներին հասնելու ու դիրքերը ամրապնդելու համար 5-6 մանդատ է նրան պետք, որի համար էլ այս պահին, ՕԵԿ-ՀՎԿ-ն պայքարում է: