ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում խոսել է ԼՂՀ խնդրից։ Արդեն նախկին դիվանագետը իր մտքերն է շարադրել կոնֆլիկտի վերաբերյալ, որտեղ բավականին հետաքրքիր մի դիտարկում է արել։ Ըստ նրա՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների մեջ բացակայում է քաղաքական կամքը, և գլխավորապես դա է պատճառը, որ հարցը չի կարգավորվում։ Ըստ Ուորլիքի՝ նման պարագայում հարցի խաղաղ կարգավորման համար պետք է գործոն հանդիսանա երկու երկրների ժողովուրդների՝ սեփական իշխանություններից խաղաղություն պահանջելու վճռականությամբ։ Այսինքն, ըստ դիվանագետի, լուծումն ավելի շատ պետք է կապել հանրային ակտիվ զանգվածի բողոքի, քան թե երկրի՝ քաղաքականություն իրականացնող ուժերի հետ։ Սա, իհարկե, որոշակի ռիսկեր է պարունակում իր մեջ, որովհետև խաղաղություն նշանակում է փոխզիջում, իսկ այդ փոխզիջումը ո՛չ Ադրբեջանի ու ո՛չ էլ Հայաստանի համար, այսպես ասած, հաղթանակ չի լինելու։ Պաշտոնի ընթացքում Ուորլիքը նման արտահայտություն անել չէր կարող, բնական է, բայց շատ կարևոր է, որ պոստֆակտում մենք կոնկրետ ԼՂՀ հարցով զբաղվողների շուրթերից լսում ենք այնպիսի տարբերակ, որոնք նրանց համար ընդունելի են կամ նրանք համարում են հնարավոր։ Եվ ըստ այդմ՝ ստացվում է, որ նախկին համանախագահը չի տեսնում հարցի լուծումը բանակցությունների միջոցով, ավելի ճիշտ՝ հարցի քաղաքական լուծում չի տեսնում, թեպետ, ըստ նրա, խաղաղությունն այլընտրանք չունի։ Սակայն այդ խաղաղությանը հնարավոր է հասնել մի պարագայում, եթե երկու կողմերում էլ հանրությունը ստիպի իր իշխանությանը գնալ դրան։ Ադրբեջանի հասարակությունն այսօր, ցավոք սրտի, չափազանց բևեռացված է սեփական իշխանություններից ու դժվար նման դրսևորում անի։ Ինչ մնում է Հայաստանի հասարակությանը, ապա մեզ մոտ մի քանի շերտեր կան, սակայն, ի տարբերություն Ադրբեջանի հանրության, մեր հանրությունը շատ ավելի բաց է ու հրաշալի հասկանում է, որ հայկական կողմը խաղաղության դեմ չէ, ու դրա միակ խոչընդոտողը հակառակորդ կողմն է։ Հետևաբար խաղաղության մասին կարող ենք խոսել, երբ երկու կողմերի քաղաքական իշխանությունների մոտ լինի նման նպատակ ու ոչ թե միայն մի կողմի։ Եթե սա չկա, Աստված էլ ներքևից իջնի, միևնույն է, բան չի փոխվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: