Times.am-ը գրում է.
 Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծում ունի: Սակայն չհամաձայնեցված են մնում 2-3 առանցքային հարցեր: Այս մասին Լավրովը խոսել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է լուծման. դրա մասին վկայում են բազմամյա շփումների արդյունքները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել մշակել ընդհանուր ընկալումներ առանցքային հարցերի նկատմամբ: Դրանք նախ և առաջ անվտանգության, հումանիտար հարցերն են, նաև՝ վերադարձը այն տարածքների, որոնք գտնվում են Ղարաբաղի շուրջը և Ադրբեջանի հսկողության տակ չեն, ինչպես նաև ԼՂ կարգավիճակի հստակեցումը` հաշվի նստելով տեղի բնակչության հետ, միջազգային խաղաղապահ ուժերի պարամետրերի համաձայնեցումը: Վերջնական լուծման ասպեկտներից մեծ մասի դեպքում մենք ունենք համաձայնություն, սակայն կան 2-3 հստակ թեմաներ, որոնք վերջնական փաթեթի համար առանցքային են, դեռևս քննարկվում են: Մենք դեռևս հեռու ենք նրանից, որ տեսնենք մի իրավիճակ, երբ կողմերը միասնական մոտեցում են մշակում մնացած խնդիրների նկատմամբ»,- նշել է Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարի խոսքով` այդ ամենը լրացուցիչ ջանքերի կարիք ունեն:

Լավրովը կարևորել է նաև շփման գծում լարվածության թուլացումը, ինչի մասին խոսել է Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ: «Ցանկանում ենք նաև ընդգծել, որ ներկայիս պայմաններում շատ կարևոր է հասնել լարվածության թուլացմանը: Իրադրությունը վերջին շրջանում սրվել է` թե շփման գծում, թե հրապարակային հատվածում: Վստահ եմ, որ կարևոր դեր կխաղար վստահության միջոցների ամրապնդումը, այդ թվում հաշվի առնելով 2016 թվականի մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակում մշակված առաջարկները: Անհ րաժեշտ է նվազեցնել ներկայիս անվստահության մակարդակը, և մենք հուսով ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարժվեն այդ ուղղությամբ: Մեր կողմից ամեն կերպ կաջակցենք դրան»,- եզրափակել է ՌԴ արտգործնախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել