ՀՀ վարչապետի առաջարկները հետաքրքրել են նրա վրացի գործընկերոջը: Վրաստանում երկու երկրների վարչապետերի հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է, որ ՀՀ վարչապետի առաջարկները վերաբերել են երկու երկրների միջև տարբեր բնագավառներում համատեղ շուկայի ներուժի իրացման ուղղությամբ: «Մենք այս հարցում ակտիվորեն աշխատելու պատրաստակամություն հայտնեցինք և խրախուսելու ենք մասնավոր հատվածին, որպեսզի ամբողջությամբ օգտագործեն տարածաշրջանային կոոպերացիայի ներուժը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հավելել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային կոոպերացիայի նոր մոտեցմանը: ՀՀ վարչապետը վստահություն է հայտնել, որ կա մեծ ներուժ:
Մեծ նշանակություն է տրվել զբոսաշրջությանը: Կարեն Կարապետյանն ասել է. «Մենք շահագրգռված ենք, որ Վրաստանի քաղաքացիները Հայաստանը դիտարկեն որպես այնպիսի երկիր, որտեղ կարող են ներդրում կատարել և հյուրընկալվել որպես զբոսաշրջիկ: Վրաստանի վարչապետի հետ պայմանավորվել ենք այդ ուղղությամբ առաջ շարժվել: Ավելին՝ մեր գործընկերներն ունեն հստակ հանձնարարականներ՝ կազմակերպել «բաց օր» Վրաստանի այն բոլոր բիզնեսմենների համար, ովքեր ունեն հայկական և հարակից շուկաներում գործելու հետաքրքրություն»: