Խորհրդարանի նախագահը, ողջունելով հյուրերին, կարևորել է Արցախում նրանց կատարած աշխատանքը, քանի որ դրանք հետազոտություններ, խորհուրդներ և դիտարկումներ են ոչ միայն մեկ օրվա համար, այլև ներառում են երկարաժամկետ համագործակցություն:
Շնորհավորելով Արցախի ժողովրդին հանրաքվեի անցկացման կապակցությամբ՝ Տորոնտոյի ավագանու անդամ Ջիմ Կարիջիանիսը նշել է, որ տպավորված է հանրաքվեով.
«Արտակարգ իդեալական հանրաքվե էր: Նախանձով եմ ականատես լինում, որ այսքան շատ մարդ է մասնակցում: Մինչ այս բազմաթիվ երկրներում դիտորդական առաքելություն եմ կատարել և երբեք նման բան չեմ տեսել: Հանրաքվեին 75%-ից ավելի մասնակցությունը թույլ է տալիս ենթադրել, որ այն լսելի է դարձնում ժողովրդի ձայնը, ինչը նշանակում է, որ սա հավելյալ լիցքեր է հաղորդում, որպեսզի երկիրը շարժվի դեպի առաջ»,- կարծիք է հայտնել Ջիմ Կարիջիանիսը:
Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո շրջանի վարչական մարմնի անդամ Անդրեաս Բորգեասը, կիսելով իր դիտարկումները, նշել է, որ հիացած է հանրաքվեի հանդեպ ժողովրդի ունեցած խանդավառությամբ և նշել, որ ցանկություն ունի Արցախում ձեռք բերած փորձը կիսել իր երկրում, քանի որ այնտեղ նման մասնակցություն ապահովելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Բերկլիի համալսարանի ընտրությունների կառավարման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Կարին Մակդոնալդը, ով երրորդ անգամ է դիտորդական առաքելությամբ գտնվում Արցախում, կարևորել է Ընտրական օրենսգրքում արված փոփոխությունները, որոնք իրենց կողմից առաջարկվել էին նախորդ անգամ:
«Մենք զգացված ենք, որ այստեղ մեծ նշանակություն են տալիս երկարաժամկետ համագործակցությանը և երախտապարտ ենք, որ հաշվի են առնվում մեր առաջարկությունները»,- ընդգծել է Կարին Մակ Դոնալդը:
Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է դիտորդների՝ Սահմանադրությամբ ամրագրված մարդու իրավունքներին և տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող հարցերին: