ԵԿՄ հերթական համագումարում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթը կառուցվածքով արտառոց բան չէր պարունակում, սակայն մի քանի կարևոր շեշտադրումներ, այնուամենայնիվ, կային։ Սարգսյանն, ըստ էության, սովորության համաձայն՝ շատ զուսպ էր ի գնահատականներում ու չհրաժարվեց նախկին հռետորաբանությունից։ Այն է՝ Արցախի հարցը լուծվելու է այնպես, ինչպես նրա ժողովուրդը ցանկանա՝ ևս մեկ անգամ վերահաստատելով այն դիրքորոշումը, որը պաշտոնական Հայաստանը մշտապես հայտնել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման շուրջ։ Սա, ի պատասխան ծռերաակտիվիստական որոշ շրջանակների հայտարարությունների, ըստ որի՝ Հայաստանը պատրաստվում է զիջումների գնալ ԼՂՀ հարցում։ Վերջին ժամանակաշրջանում ակնհայտ է, որ հայկական կողմը սահմանում տիրող իավիճակին ավելի քան կոշտ պատասխաններ է տալիս հակառակորդին, ու Սարգսյանի ասածը անհրաժեշտ է ընկալել հենց այս կոնտեքստում։ Կարելի է նաև եզրակացնել, որ այս սկզբունքը Ադրբեջանի համար շարունակական բնույթ է կրելու, ու պատկերը հետևյալն է լինելու՝ յուրաքանչյուր հնարավոր ու լեգիտիմ առիթի ժամանակ կրակի տակ պահել հայկական դիրքերը՝ հույս ունենալով աստիճանաբար թուլացնել Հայաստանը։ Մեր երկրում երկու ամիս հետո սպասվում են ԱԺ ընտրություններ։ Եվ հավանական է, որ այս ընթացքում Ադրբեջանը փորձի սահմանում իրավիճակ լարել։ Սակայն սա հնարավոր կլինի մի դեպքում, եթե Հայաստանի ներսում տեղի ունենան ներքին խժդժություններ, հետընտրական զարգացումներ, բախումներ ոստիկանների ու ժողովրդի միջև և այլն։ Այդ տեսանկյունից Սարգսյանին ու Հանրապետականին՝ որպես գործող իշխանությունների, սպասվում է երևի թե ամենամեծ փորձությունը նորանկախ Հայաստանի պատմության մեջ։ Արտաքուստ այս ընտրությունները հավակնում են համեմատաբար ավելի լավ ու առանց ցնցումների անցնել, սակայն իրավիճակը արտաքին քաղաքական հարցերում չափազանց փխրուն է, ու սա պետք է հաշվի առնել։ Ոչ մի պարագայում մեր երկիրը ցնցումների չպետք է գնա, ու սա պետք է գիտակցեն քաղաքական ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները։ Հուսանք՝ Սերժ Սարգսյանը կանի հնարավորը՝ իր ու ՀՀԿ-ի կողմից ապահովելու ընտրությունների արդար ու թափանցիկ լինելը։ Դժվար է սրան հավատալ, բայց պետք է որ այս անգամ նա անի դա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: