Վարդանյանի բացակայության վերաբերյալ aravot.am-ը պարզաբանում է խնդրել «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանից:
-Տիկին Զոհրաբյան, ո՞րն է լինելու «Միասնության» դերը «Ծառուկյան» դաշինքի շրջանակներում և, մասնավորապես, շարժման ղեկավար Արման Վարդանյանի գործոնն այդ դաշինքում:
– «Միասնություն» համազգային շարժումը մեր գործընկերն է: Մենք, քանիցս, ասել ենք, որ կարևորում ենք մեր երկրում և, առհասարակ, քաղաքական դաշտում առողջ, ճիշտ և գրագետ սերնդափոխությունը: Եթե քաղաքական միավորումներում առողջ և գրագետ սերնդափոխություն չկա, այդ քաղաքական ուժերի ապագան ուղղակի տորպեդահարվում է: Արման Վարդանյանը դեռևս նախորդ ավագանու ժամանակներից՝ ղեկավարելով ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, մեզ հետ ճանապարհ անցած գործընկեր է և շատ ակտիվ դերակատարում է ունենալու թե՛ այս փուլում՝ խորհրդարանական ընտրություններին, թե՛, վստահաբար կարող եմ ասել, առաջիկայում՝ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ: Մայիսի 14-ն արդեն նշանակված է Երևանի ավագանու ընտրություն, և մենք սահուն կերպով խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո մտնելու ենք ընտրական երկրորդ փուլ: Ես Ձեզ ասեմ, որ և՛ դաշինքի ներսում, և՛ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են քննարկումներ, և մեր մոտեցումն այն է, որ Արման Վարդանյանը Երևանի ավագանու ընտրություններին, լինելով մեր ֆավորիտը, գլխավորի «Ծառուկյան» դաշինքի ավագանու նախընտրական ցուցակը:
– Ի՞նչ նշաձող է սահմանել «Ծառուկյան» դաշինքը ապրիլին՝ խորհրդարանական, իսկ մայիսին՝ ավագանու ընտրություններում:
-Ընդհանրապես, Գագիկ Ծառուկյանը ցանկացած ոլորտում մեկ կարգախոս ունի՝ միայն հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի: Բոլոր ոլորտներում մեր կարգախոսը եղել է հաղթանակը, քաղաքականության մեջ ևս մենք սահմանել ենք ամենաբարձր նշաձողը՝ հաղթանա՛կ, հաղթանա՛կ հանուն ժողովրդի բարեկեցության, հանուն արժանապատիվ, անվտանգ, կայուն ու խաղաղ Հայաստանի եւ Արցախի: