Times.am-ը գրում է.
 Այսօր ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայիկյանը հայտարարություն էր տարածել, որով հայտ էր ներկայացրել անդամակցելու «Ելք» դաշինքին: Հայրիկյանի անդամակցության հայտը մերժվել էր դաշինքի կողմից, սակայն դաշինքում չէին բացառել հետագա հնարավոր համագործակցությունը ԱԻՄ նախագահի հետ:

Այս թեմայով Times.am-ը զրուցեց «Ելք» դաշինքի պատգամավորի թեկնածու, ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանի հետ: Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսօր գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում և բացառել Հայրիկյանի անդամակցությունը դաշինքին, սակայն չմանրամասնելով պատճառները:

- Պարոն Միրզոյան, Ձեր գրառման մեջ Դուք նշել եք, որ Պարույր Հայրիկյանը կարող է միակողմանիորեն աջակցել «Ելք» դաշինքին, բայց նրա անդամակցությունը դաշինքին մի շարք պատճառներով բացառում եք: Որո՞նք են այդ պատճառները։

- Գիտեք, ես մեծ հարգանքով եմ վերաբերում այն դերին, որ ժամանակին ԱԻՄ-ն ու անձամբ Պարույր Հայրիկյանն ունեցել են Հայաստանի անկախության գաղափարի արմատացման գործում։ Այդուհանդերձ, պարոն Հայրիկյանի վերջին առնվազն տասը տարիների գործունեությունն ինձ առանձնապես չի ոգեշնչում նրա հետ քաղաքական գործընթաց սկսել։

Բացի դրանից, այս դիրքորոշման մեջ իրենց ներդրումն ունեն նաև իմ պատկերացումները քաղաքական սերնդափոխության, նոր քաղաքական մեթոդաբանության և նոր քաղաքական ասելիքի մասին։

Մեկ այլ պատճառ՝ ժամանակի սղությունը, որի պատճառով անգամ տեխնիկապես է անհնար դաշինքային հարաբերություններ ձևավորելու շուրջ բանակցություններ վարել, ինչին անդրադարձ կա նաև «Ելք» դաշինքի հայտարարության մեջ։

- Իսկ այն հանգամանքը, որ Հայրիկյանը ձեզ է դիմել այլ դաշինքներում ընդգրկվելու փորձերից հետո, խնդիր չէ՞ր։

- Ինչ խոսք, դա էլ իր հերթին տարակուսանքի տեղիք է տալիս և հարցեր է առաջացնում մոտիվացիայի վերաբերյալ։

- «Ելք» դաշինքի հայտարարության մեջ նշված է, որ ԱԻՄ-ին այնուամենայնիվ առաջարկվել է «Ելքի» շրջանակներում թեկնածուներ առաջադրել ռեյտինգային ընտրակարգով։ Հակասություն չկա՞։

- Այո, նման առաջարկ եղել է։ Համաձայնեք՝ մի բան է մի կուսակցության հետ հավասար պատասխանատվություն ստանձնել ասելիքի և անելիքների համար, մեկ այլ բան՝ հնարավորություն տալ այդ կուսակցության ներկայացուցիչներին ներգրավվել ընտրապայքարում և փորձել ստանալ քաղաքացիների քվեն։ Կարծում եմ, որ սա լավ հնարավորություն էր, և չեմ հասկանում իրենց մերժումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել