ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և հագուստ:
Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա ժամանած ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներին Լաթաքիայում դիմավորել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:
Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին:
Մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի աջակցությամբ, կրելու է շարունակական բնույթ: