Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ընտրություններին չի մասնակցի «Համախմբում» և «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների հետ դաշինքի կազմում: Փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը: «Մենք «Համախմբում» և «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների հետ ստորագրել էին ք համաձայնագիր` Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Մենք այդ համաձայնգրում դրել էինք մեզ համար կարևոր սկզբունքներ, սակայն նրանք, ովքեր ցանկանում էին ձևավորել այդ դաշինքը, խախտել են բոլոր սկզբունքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սարգսյանը:
Նա հավելեց, որ առ այսօր մշակված չէ ծրագիր, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, եթե առաջիկա ընտրություններում հաջողության հասնեն: «Այնտեղ ամբողջովին կենտրոնացած էին ցուցակների կազմման վրա, սակայն դա չպետք է մեզ համար առաջնահերթ խնդիր լիներ: Մենք այս խնդիրները քննարկման առարկա ենք դարձրել մեր կուսակցության հանրապետական խորհրդի նիստում: Քննարկումների արդյունքում որոշում կայացրեցինք դադարեցնել մեր համագործակցությունն այդ կուսակցությունների հետ: Մեր գլխավոր նպատակն էր միավորվել այն ուժերի հետ, որոնք համահունչ ծրագիր կարող են իրականացնել: Մենք հայտարարում ենք, որ դուրս ենք գալիս դեռևս չեղած դաշինքից: Բայց շարունակելու ենք բանակցություններն այն քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են մեզ հետ մասնակցել ընտրություններին»,- նշեց Արամ Սարգսյանը:
Նա հավելեց, որ իրենց առաջիկա ծրագրերի վերաբերյալ հանդես կգան առանձին հայտարարությամբ:
«Հայաստանի դեմոկրատական», «Երրորդ հանրապետություն» և «Համախմբում» կուսակցությունները համաձայնագիր էին ստորագրել Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Այնուհետև դաշինքին միանալու պատրաստակամություն էր հայտնել նաև ԱԻՄ կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ով վերջերս չբացառեց, որ կարող է չմիանալ դաշինքին, քանի որ այնտեղ տիրող գզվռտոցները իրեն դուր չեն գալիս: