Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ):
Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:
Նշենք, որ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ օդային էլեկտրահաղորդման գծի կառուցման գլխավոր կապալառու կազմակերպությունը իրանական Սանիր ընկերությունն է, որը ծրագիրն իրականացվում է Իրանի արտահանման զարգացման բանկի ֆինանսավորմամբ։
Իրան-Հայաստան 400 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման ծրագրի աշխատանքները արդեն իսկ ընթացքի մեջ են: Ծրագրի շրջանակներում էլեկտրահաղորդման տարբեր հատվածներում կառուցվել է շուրջ 100 կմ մոտեցման ճանապարհ, կատարվել է 121 խարսխային և անկյունային հենարանի հիմքերի ինժեներաերկրաբանական հետազոտություն, փորվել է 59 հենարանների հիմք՝ որից 39-ը բետոնապատվել է, մոնտաժվել է 6 հենարան։
Ավարտվել են 706 հենարանի նշահարման աշխատանքները: Հայաստան է ներկրվել և պահեստավորվել 384 հենարանի համար LSD-3 տեսակի ցցաձող։ Ամբողջությամբ ներկրվել են նաև 13 հենարանների մետաղական կոնստրուկցիաները։
«Նորավան» ենթակայանում իրականացվել են 620 գծամետր պարսպապատման, 73,5 հազար խմ տարածքի հողի կտրման, 40 հազար խմ հողի տեղափոխման, ավելի քան 27 հազար խմ հողի հետլիցքի և ղեկավարման շենքի հիմքի փորման աշխատանքներ: Էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման համար «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվել 15 համայնքային և պետական, ինչպես նաև 23 մասնավոր սեփականություն հանդիսացող հողակտոր: