Դոնալդ Թրամփին, իհարկե, շատ բաների մեջ կարելի է մեղադրել, սակայն զուտ քաղաքագիտական մեկնաբանությամբ այս մարդու՝ սեփական երկրի շահը հետապնդելը բացարձակապես տեղավորվում է առողջ տրամաբանության մեջ։ Ի՞նչ է ասում Թրամփը։ Ընդամենը հետևյալը՝ ժամանակն է, որ ամերիկացիները սեփական երկրում ստեղծելու ու աշխատելու հնարավորություն ունենան։ Ընդ որում՝ առաջինը հենց նրանք իրավունք ունենա։ Սա, իհարկե, ոմանք կարող են ռասիզմի հետ համեմատել, սակայն ռասիստ մարդը հաստատ հեռուն գնացող նպատակներ կունենար գոնե աշխարհաքաղաքական առումով։ Թրամփը կոչ է անում, կոպիտ ասած, ձեռքները հեռու պահել ԱՄՆ-ից՝ խոստանալով, որ իր երկիրը հեռու է մնալու աշխարհաքաղաքական իրադարձություններից ու կենտրոնանալու է իր խնդիրների վրա։ Նա խստացրել է միգրացիոն ծառայության մասին օրենքը, բազմիցս խոսել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու անհրաժեշտության մասին։ Եվ մի՞թե սովորական ամերիկացու համար սա կարող է վատ լինել։ Ամերիկան այսօր աշխարհի համարյա առաջին գերտերությունն է, ով լայնորեն ներգրավված է աշխարհում համարյա թե ամեն կոնֆլիկտի մեջ։ Ամերիկացի զինվորները մահանում են Իրաքում, Աղվանստանում, Սիրիայում, Լիբիայում և առհասարակ այնտեղ, որտեղ տեղի են ունենում մարտեր ու կռիվներ։ Տեսեք, Օբամային մարդիկ նշում են որպես անմիջական, ազատ ժողովրդավար նախագահ, սակայն նրա օրոք տեղի ունեցավ արաբական գարուն, ԱՄՆ ու Ռուսաստանի կոնֆլիկտը հասավ իր գագաթնակետին, սառը պատերազմի նախանշանները առկա են առավել քան երբևէ։ Թրամփը կարծես թե փորձում է այս ամենին վերջ դնել։ Հիմա ավելի լավ է ժողովրդավարությամբ աշխարհը արհավիրքի վերածե՞լ, թե՞ պարզապես հեռու մնալ այդպիսի երևույթներից ու կոչվել դիկտատոր։ Թրամփը հաստատ նախընտրում է երկրորդը, և երևակայի՝ ճիշտ էլ անում է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: