Հայաստանը և ԱՄՆ-ն բիզնես և առևտրային կապերի խորացման հարցում բավականին լուրջ առաջընթաց են գրանցել, որի արդյունքները տեսանելի են: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: «Սա փաստացի այն ոլորտն է, որտեղ մենք ամենամեծ առաջընթացն ենք տեսել և լիահույս ենք, որ մեր ցանած բազմաթիվ սերմերը ոչ հեռու ապագայում արդեն իսկ պտուղներ կտան»,- ասաց դեսպանը:
Ռիչարդ Միլսը նախ նշեց գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր շարունակական քայլերը: Վերջին երկու տարիների ԱՄՆ ՄԶԳ գնահատումներով այս ոլորտում առկա է տնտեսական ու աշխատատեղերի ստեղծման նշանակալի ներուժ, և նաև այս ոլորտի զարգացումը գյուղական արտագաղթի կանխման ամենաարդյունավետ միջոցն է. սրանով նաև հիմնավորվում է հավելյալ միջոցների հատկացումն այս ոլորտին: Այսպիսով, ԱՄՆ ՄԶԳ օգնել է ստեղծել Գյուղատնտեսական ու անասնաբուժական ծառայությունների վեց նոր կենտրոններ, որտեղ տեղի ֆերմերները կարող են ծանոթանալ անասնապահության ու ֆերմերային տնտեսության զարգացման լավագույն փորձին: ԱՄՆ ՄԶԳ նաև ուղղակիորեն աջակցել է գյուղատնտեսական ապրանքներ արտադրողներին՝ աջակցելով նրանց մասնակցությանը տեղական ու միջազգային առևտրային ցուցահանդեսներին և փառատոններին, օգնելով ձևավորել գյուղատնտեսական կոոպերատիվներ, որոնք նպաստում են տեղական տնտեսության խթանմանը և աշխատատեղերի ստեղծմանը: Այս աշխատանքների շնորհիվ միայն անցած տարվա ընթացքում հիմնվել են 41 նոր ընկերություններ և բացի այդ, ԱՄՆ ՄԶԳ-ից հավելյալ ֆինանսավորում են ստացել 41 ստարտափ ընկերություններ, իսկ գյուղական բնակավայրերում ստեղծվել են ավելի քան 650 հիմնական ու ժամանակավոր աշխատատեղեր:
Դեսպանատունը հետամուտ է եղել նաև մի շարք նախաձեռնությունների ձեռնարկատիրության ու գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի ոլորտներում: «Օրինակ՝ անցած տարի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարեց, որ գործակցում է «ԱյԲիԷմ» ընկերության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը, որի միջոցով ՏՏ ոլորտի ամերիկյան բարձրակարգ համալսարանների ու Հայաստանի 9 բուհերի միջև կապ կձևավորվի՝ ՏՏ ոլորտի աշխատուժի կարողությունն երի զարգացման նպատակով: Բացի այդ, ամերիկահայ Հովնանյան ընտանիքի օժանդակությամբ դեսպանատունն անցած տարի մեկնարկեց նոր «Ֆուլբրայթ-Հովնանյան» ծրագիրը բարձր առաջադիմության տեր այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են վերոնշյալ ոլորտում իրենց մագիստրոսական կրթությունը ստանալ ԱՄՆ-ում, ապա վերադառնալ ու արտերկրում ձեռք բերած իրենց գիտելիքները ծառայեցնել Հայաստանի տնտեսությանը»,- մանրամասնեց Միլսը:
Նա հիշեցրեց, որ տնտեսությանն ուղղված գերակա ուղղության շրջանակում ինքն առանձնացրել է ուղղակի գործարար կապերի խորացումը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև` ուրախությամբ փաստելով վերջին տարվա ընթացքում այդ ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը: Դեսպանը նկատեց, որ 2016թ. «Կոնտուր Գլոբալ» ընկերությունն ավարտին հասցրեց «Որոտան« հիդրոկասկադի ակտիվների ձեռքբերման գործընթացը, և այժմ այն ամենախոշոր եզակի ամերիկյան մասնավոր ներդրումն է Հայաստանի ողջ պատմության ընթացքում և առաջին ամերիկյան ներդրումը Հայաստանի էներգահամակարգում: Բացի այդ, «Կոնտուր Գլոբալ» ընկերությունը պլանավորում է առաջիկա մի քանի տարիների ընթացքում ներդնել ավելի քան 70 միլիոն ԱՄՆ դոլար և նաև առաջիկայում ստեղծել մոտ 150 աշխատատեղ: Մինչ այդ, ԱՄՆ-ի հետ առնչվող մեկ այլ ընկերություն՝ «Լիդիան Ինթերնեյշնլը», 2016թ. սկսեց Ամուլսարի հանքավայրի շինարարական աշխատանքները: 2018թ. Ամուլսարը, թերևս, կլինի բաժնետիրական կապիտալում կատարված ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, իսկ 2016-18թթ. շինարարական աշխատանքներին կուղղվի շուրջ 370 միլիոն ԱՄՆ դոլար: Այդ աշխատանքների եռուն շրջանում մինչև 1.300 ա շխատատեղեր կլինեն, իսկ ուղղակիորեն «Լիդիան Հայաստան» ընկերությունում հանքավայրի շահագործման 10 տարիների ընթացքում կաշխատի 700 հոգի:
Ռիչարդ Միլսն ընդգծեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել ՀՀ կառավարության հետ աշխատանքը՝ ուղղված ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրային հնարավորությունների ընդլայնմանը: Նրա խոսքով` առավելագույն արդյունավետության և երկու երկրների միջև առևտրի ծավալները ընդլայնելու համար Առևտրի ու ներդրումների հարցերով խորհուրդը պետք է ավելի ակտիվ լինի: Գործարար համաժողովները ողջունելի են, անշուշտ, սակայն աշխատանքային խմբերը պետք է իրենց ձեռքը պահեն զարկերակին և իրապես քայլեր ձեռնարկեն առևտրի ու ներդրումների ճանապարհին առկա և դժվարություններ ստեղծող խոչընդոտները վերացնելու ուղղությամբ: