Վրաստանի էներգետիկայի նախարար Կալաձեն հանրության շրջանում ստեղծված քննադատությունները հանդարտեցնելու համար որոշակի պարզաբանումներ է ներկայացրել «Գազպրոմի» հետ ձեռք բերված պայմանավորվածության հետ կապված:
Նրա խոսքով՝ եթե վրացական կողմը փոխհամաձայնության չգար ռուսական ընկերության հետ, ապա ամբողջությամբ կարող էր զրկվել Հայաստան մատակարարվող գազի տրանզիտային օգուտից, քանի որ իրանական կապույտ վառելիքը կլրացներ ռուսական գազի պակասը: Բացի այդ՝ Կալաձեն հայտնել է, որ պայմանագիրն արդեն ստորագրվել է և գործում է, իսկ խոսակցություններն այն մասին, որ Էներգետիկայի նախարարությունը դիտմամբ չի հրապարակում Գազպրոմի հետ կնքված պայմանագրի մանրամասները, որպեսզի չբացահայտվի, թե որքան վնաս է կրելու նոր պայմանավորվածության պայմաններում վրացական կողմը, թյուրըմբռնման արդյունք է՝ ընդգծելով, որ կոմերցիոն գաղտնիությունը պայմանավորված է նաև երկրորդ, տվյալ դեպքում՝ ռուսական կողմի հանգամանքով, ուստի պայմանագրի հրապարակումը իրատեսական չէ:
Փաստորեն՝ Կալաձեն հերթական անգամ փաստել է, որ ռուսական կողմի առաջարկությունը ներկայացվել է վերջնագրի տեսքով, որի դիմաց վրացական կողմը համարժեք քայլերի չէր կարող դիմել՝ նախընտրելով զիջման գնալ՝ չեզոքացնելով ամբողջությամբ օգուտից զրկվելու հնարավորությունը: