Այսօր իմ դժգոհությունը հայտնեցի Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի նստելու որոշման դեմ և ստացա բազմաթիվ արձագանքներ: Հիմնականում ինձ ասում էին՝ իսկ դու ի՞նչ կանեիր, եթե նրա տեղը լինեիր: Որոշեցի ասել՝ ինչ կանեի, որպեսզի իմ ասածը դեմագոգիա չհամարվի: Ահա իմ առաջարկը`

ՄԵԿ ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՄԱՐՇ ԱՊՐԻԼԻ 8-ԻՆ

Նույնիսկ ըստ պաշտոնական տվյալների կես միլիոնից ավել մարդ դեմ է քվեարկել ներկա իշխանություններին, և մոտ կես միլիոն էլ ուղղակի բոյկոտել է՝ կրկին չհավատալով իշխանություններին: Ըստ ժողովրդի՝ ևս մի կես միլիոն ձայն էլ գողացվել է, դրան գումարեք երկրից ստիպված հեռացած կես միլիոնը, և ամենաքիչը ևս կես միլիոն հայ, որ հաճույքով կվերադառնար Հայրենիք, եթե այստեղ ստեղծվեին նորմալ ապրելու պայմաններ, ապա կունենանք 2.5 միլիոնից ավել մարդ, որ հենց հիմա պատրաստ է այդ փոփոխությանը: Ես առաջարկում եմ բոլոր նրանց, ովքեր իրոք ցանկանում են այդ բարեփոխումները, հավաքվել ապրիլի 8-ին Երևանում և առանց որևէ կուսակցական լիդերի կամ կոնկրետ առաջնորդի՝ խաղաղ մարշով բարձրանալ դեպի նախագահի աշխատավայր և ցույց տալ նրան, որ այսքան քաղաքացի եկել են հայտնելու իրենց անվստահությունը ձեզ: Ես համոզված եմ, որ ցանկացած նախագահ, տեսնելով նման զանգվածի անվստահությունը, անմիջապես հրաժարական կտա, քանի որ այս անգամ նաև ողջ աշխարհը չի կարող անտեսել նման երևույթը: Հավաքվել մի քանի հազար հոգի Ազատության հրապարակում, լսել 20 տարի նույն հարթակից լսված ելույթներ և գունավոր խոստումներ, դատարկ սպառնալիքներ, ժողովրդի մոտ կարճատև հաճույք պատճառող սրամտություններ, տարբեր մտավորականների անվախ ելույթներ և այլն ոչինչի չի բերի: Բոլորն ասում են, որ դժգոհ են, դե ուրեմն մեկ օրում ցույց տվեք դա, հավաքվեք առանց որևէ բռնության, ուղղակի քայլենք և ցույց տանք աշխարհին, որ մենք հենց էնպես չենք ասում, որ ժողովրդի վստահությունը տվյալ իշխանությունները կորցրել են: Եվ չեն կարող ճանապարհները փակվել մեկ միլիոն մարդու առջև, և ոչ ոք չի կրակի մեկ միլիոն մարդու վրա, և ոչ մի իշխանավոր այլևս չի ասի, որ մի քանի հազար հոգի են դժգոհ: Եկեք մի կողմ դնենք դատարկաբանությամբ զբաղվելը և ապացուցենք մեզ և աշխարհին, որ մենք մի քանի հազար չենք, այլ միլիոնից ավել: Ես հիմա կստեղծեմ միջոցառումը. միացեք, եթե իրոք կա նման զանգված...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել