Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում եւ սպառնում Սերժ Սարգսյանին իր «դիակի վրա» երդվելՀավաքվածները պահանջում են ուժով վերցնել, Րաֆֆի Հովհաննիսյանը ասում է՝ ոչ: Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, որի ժամանակ առաջարկել է նշանակել նոր ընտրություններ: Պատասխանը եղել է՝ ոչ. «Առաջարկեցի լուծման հնարավորություններ: Պատասխանը՝ բացասական: Ես այլեւս ասելիք չունեմ: Ես այսուհետ գնալու եմ քաղաքապետարան, նախագահական՝ որպես ձեր ներկայացուցիչ: Եթե ինքը ասելիք ունի, ես կլսեմ հարգանքով, բայց միայն Ազատության հրապարակում, ուրիշ ոչ մի տեղ»: Նա հայտարարեց՝ «Մինչեւ ապրիլի 9-ը պարոն Սարգսյանը ոչ թե իմ, այլ ՀՀ ժողովրդի գերակշիռ մեծամասնության պահանջով եւ արդար քվեով պիտի ինքնաբացարկ տա, պիտի ճանաչի Հայաստանի ժողովրդի հաղթանակը: Եթե ինքը որեւէ ասելիք ունի, ես կողմ եմ բոլորի հետ հաղորդակցության, բայց կգա այստեղ եւ ինձ հետ ձեր առջեւ կխոսի»: Ներկաները պահանջեցին՝ պարոն Հովհաննիսյան, միայն ուժով կարող ենք վերցնել մեր իշխանությունը: «Ո՜չ, ուժով ոչ, ոչ մի արյուն»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ներկաներից մեկը չբավարարվեց այս պատասխանով՝ պահանջեց հիմա վերցնել եւ ուժով՝ ասելով՝ ուժն է ծնում իրավունք: Րաֆֆի Հովհաննիսյանը չհամաձայնեց. «Ոչ, իրավունքն է ծնում ուժ: Եթե դուք ուզում եք գրոհել Բաղրամյան 26-ի վրա, դա ձեր իրավունքն է: Ես դեմ եմ»: Նա ասաց. «Եթե ապրիլի 9-ին պարոն Սարգսյանը կեղծ երդում տա սուրբ Աստվածաշնչի վրա, եթե Վեհափառ հայրապետը պղծի, իրենք դա պիտի անեն իմ դիակի վրա: Մարտի 31-ը սուրբ Հարության տոնն է՝ զատիկը: Ես պիտի աղոթեմ նրանց համար, եթե իրենք այդ ուժը չգտան իրենց մեջ: Ես այս տարի հավանաբար սուրբ Զատկվա պատարագի չհասնեմ: Եթե մինչեւ մարտի 31 պարոն Սարգսյանը դուխը, ողնաշարը չունեցավ ինքնաբացարկ անելու, ուրեմն ես մի հատ խնդրանք ունեմ, թող Սերժ Սարգսյանը Վեհափառին ասի, որ երբ մենք սուրբ տաճարում ենք, պետք չկա խմել ՀՀ նախագահի կամ որեւէ մի մարդու կենացը, մի՛ խմեք իմ կենացը: Հայրապետ, Դուք ասեք Սերժ Սարգսյանին, որ եկեղեցին անջատ է իշխանությունից, ոչ թե գործիք իշխանության: Աստված բոլորին իմաստություն տա: Մինչեւ սիրո եւ իմաստության պահը ես հայտարարում եմ հրապարակում իմ կեղծիքադուլը, վախադուլը եւ ստադուլը: Քանի դեռ պարոն Սարգսյանը ինքնաբացարկ չի արել հայրենիքի համար, իր թոռնիկների, ի՛մ թոռնիկների եւ երեխաների համար, ես մնալու եմ Ազատության հրապարակում, հաց չեմ ուտելու եւ սուտ, կեղծիք չեմ ընդունելու որեւէ մեկի կողմից: Ոչ մի սադրանք, ոչ մի պրովոկացիա, հանդարտ, իրավունքով, օրենքով, Սահմանադրությամբ լսենք իրար, հարգենք իրար, եւ մեր ճանապարհը տանելու է դեպի հաղթանակ»: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ կազմելու են ազգային համաձայնության իրենց վարչակարգը. «Մենք պիտի ունենանք նոր մարզպետեր՝ ընտրված ժողովրդի կողմից: Վաղը, եթե ՍԴ-ն չուղղի իր հետագիծը, եթե ինքը հակասահմանադրական, հակապետական վճիռ կայացնի, իրեն նույնպես պիտի ասենք ցտեսություն, եւ նաեւ մեր դատարանը այստեղ միասին պիտի ստեղծենք»:

Նյութի աղբյուրը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել