Երեկ պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ դեսպանություն, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Նման ձեւաչափով հանդիպումը, բնականաբար, չէր կարող անցնել առանց Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մասին ակտիվ քննարկումների: Ուշագրավ է, որ արդեն քանիերորդ անգամ վարչապետի խոսքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, թե Հայաստան-Սփյուռք հարաբերություններում Հայաստանը հետաքրքրված չէ բացառապես սփյուռքի ներդրումներով ու բարեգործական առաքելությամբ՝ այսկերպ փարատելով շատերի այն մտահոգությունը, թե Սփյուռքը Հայաստանում որպես դոնոր է ընկալվում:

Վարչապետը Մոսկվայում հատուկ ընդգծեց՝ Հայաստանին հարկավոր է Սփյուռքից օրինակ վերցնել հատկապես կառավարման եւ շփման մշակույթի առումով: Դժվար է չհամաձայնել Կարապետյանի այն դիտարկման հետ, որ սիրիահայերի շնորհիվ սպասարկման ոլորտը մեր երկրում դրական փոփոխությունների է ենթարկվել, եւ սա վերաբերում է հատկապես ռեստորանային բիզնեսին: Վարչապետը եւս մեկ անգամ կարեւորեց այն հանգամանքը, որ հարկավոր է ճիշտ ազդակներ ուղղել բիզնես միջավայրի բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել