Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պիտի ասել, որ Երևան քաղաքի ընտրությունները դեռ չմեկնարկած՝ արդեն գրանցում ենք տրամաբանական անհամապատասխանություններ ռեալիզմի հետ: Երևանի ավագանու ընտրություններում համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է միջազգային գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը: Ի՞նչ է նշանակում ականավոր շախմատիստին ներգրավել ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում: Որպեսզի հասկանանք, թե ինչ սխալ է տեղի ունենում, եկեք մտովի պատկերացնենք, որ ՀՀԿ-ն քաղաքի ընտրություններում հավանական հաղթանակից հետո որպես քաղաքապետ կամ փոխքաղաքապետ նշանակում է Լպուտյանին, քանզի նա ցուցակում գլխավորում է պատվավոր երկրորդ տեղը: Եթե ստացվեց պատկերացնելը, ապա հասկանալի է դառնում, թե ինչ զավեշտի մեջ կհայտնվի քաղաքապետարանը և նույն Լպուտյանը այդ նշանակումով: Եվ այսպես, մի շարք հարցեր ՀՀԿ-ին: Հարգելի հանրապետականներ՝
1. Դուք ձեզ հարց տվե՞լ եք,՝ թե այն մարդը, որը ոչ մի անգամ դեռ չի մտածել փողի, ազդեցիկ կապերի ձեռքբերման, պաշտոնների մասին, մի՞թե նա կարող է քաղաքապետարանում «յոլա գնալ»:
2. Ինձ շատ հետաքրքիր է՝ այս ինչ խորհրդավոր մարտավարություն եք վերցրել՝ կապված ցուցակում «քաղաքականության հետ անկապ» մարդկանց ներգրավելու հարցի հետ:
3. Ի՞նչ կապ ունի աշխարհահռչակ շախմատիստ Սմբատ Լպուտյանը վարչատնտեսական հարթության հետ:
4. Ի՞նչ կարող է նա տալ Երևան քաղաքին, եթե այդ մարդը ամբողջ օրը ապրում է շախմատային կյանքով և դժվար թե տեղյակ լինի՝, որոնք են քաղաքապետարանի առանցքային գործառույթները, ինչ է պետք անել, որպեսզի վարչատարածքները էֆեկտիվ աշխատեն, որոնք են Երևանի ենթակառուցվածքները...և այլն:
5. Հերիք չէ՝ չէ՞ որ ձեր պատճառով տաղանդավոր Շուշան Պետրոսյանը դարձել է «հումորի առարկա»:



