Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում զգալիորեն բարելավվել են հայ-իրանական հարաբերությունները: Պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանը, ինչպես նաև մի շարք այլ երկրներ ավելի ճկուն գտնվեցին և փորձեցին նոր եզրեր գտնել տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:
Այդ առումով վերջին շրջանում ՀՀ գործադիր մարմինը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցից մեկը էլեկտրոնային եղանակով լիցենզիաների տրամադրման գործընթացն է: Հաշվի առնելով նաև գազի սակագնի նվազեցումը, որը շատ կարևոր է ջերմոցային տնտեսությունների և վերամշակող կազմակերպությունների համար, ապա կարելի էր սպասել, որ թիրախային աշխատանքներ կտարվեն Իրանի հետ առևտրաշրջանառությունը ավելացնելու ուղղությամբ:
Այդ է պատճառը, որ ձևավորվել է բանակցային խումբ, որի նպատակն է Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական ապրանքների, հատկապես սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման համար նպաստավոր պայմաններ ստեղծելը: Ճիշտ համագործակցության դեպքում հնարավոր է զգալիորեն ավելացնել արտահանման ծավալները դեպի Իրան: