Վարչապետի 100-րդ օրվա ամփոփիչ ասուլիսն, ինչ խոսք, բոլորիս ուշադրության կենտրոնում էր: Դիտարկելով գործադիրի կողմից ներկայացրած 100 օրվա ամփոփիչ փաստաթուղթը` պայմանականորեն այս կառավարությանը կարելի է անվանել «Օպտիմալացման կառավարություն»:
Տեղին է առանձնացնել աշխատակազմերի, ՊՈԱԿ-ների, մարզային բյուջետային համակարգերի օպտիմալացման գործընթացները:
Մասնավորապես օպտիմալացման ուղղությամբ տված հանձնարարականների արդյունքում ՀՀ Տավուշի, Արագածոտնի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում 2017 թվականին, ընդհանուր առմամբ, կտնտեսվի շուրջ 904 մլն դրամ։ Իսկ աշխատակազմերի և ՊՈԱԿ-ների օպտիմալացման արդյունքում 2017 թվականին ակնկալվում է տնտեսել շուրջ 3,9 մլրդ դրամ։
Արդյունքում ընդհանուր հաստիքների քանակը կկրճատվի շուրջ 12 տոկոսով՝ առկա 22961-ից դառնալով 20059։
Ճիշտ է, դեռևս վաղ է եզրակացություններ անել, թե ինչ կտա հավելյալ բյուջեն: Այնուամենայնիվ, այս կառավարության ընդհանուր գործունեության մեջ ընդգծված է ծախսերի արդյունավետ բաշխման մոտեցումը: Այս խնդրի մասին հաճախ է բարձրաձայնվել: Փաստ է, որ որոշակի գործնական քայլեր են արվել: