Մի քանի օր առաջ մամուլում հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին մի ընտանիքի մասին, որը բավականին հետաքրքիր պատմություն ունի ու այժմ դժգոհում է, որ Հայաստանում իրենց աղջկան, ով խուլ ու համր է, պատշաճ ուշադրություն չեն դարձնում, ու դրա հիմանական մեղավորը իշխանություններն ու եկեղեցին են։ Ավելին՝ աղջիկը 2009 թվականին հոր՝ Հովհաննես Թորոսյանի հետ մեկնել է Ֆրանսիա՝ տարբեր քաղաքներում բուժում ստանալու, սակայն այնտեղ դժվարությունների է հանդիպել ու հետ եկել Հայաստան։ Եվ այսպես՝ ինչի՞ց է սկսվել ամենը։
Ըստ նրանց պատմածի` 2009 թվականին Հովհաննես Թորոսյանը որոշում է իր խուլ ու համր աղջկա հետ մեկնել Ֆրանսիա, որպեսզի աղջիկն այնտեղ սովորի: Սակայն Ֆրանսիա գնալը շատ թանկ է նստում այս ընտանիքի վրա: Ամուսինները պատմեցին, որ հայր ու աղջիկ Ֆրանսիա հասնելուն պես ընկել են հանցագործների թակարդը: Մասնավորապես` Լիոն քաղաքի ավետարանչական եկեղեցին իրենց ոչ միայն չի օգնում որպես հայեր, այլ նաև կործանում է իրենց աղջկա` Մարիաննա Թորոսյանի կյանքը։
Խնդիրը արժեր գուցե քննարկել, եթե այս ընտանիքը «անճարությունից» մի քանի օր առաջ դիմած չլիներ ադրբեջանական լրատվամիջոցներին ու նրանց սպասարկու Վահան Մարտիրոսյանին՝ իրենց քաղաքական ապաստան տալու համար այն պատճառաբանությամբ, որ Հայաստանում նրանց տեռորի են ենթարկում, ազգային անվտանգությունը առավոտից իրիկուն իրենց հետապնդում է, այսպես ապրել այլևս հնարավոր չէ և այլն, և այլն։ Ավելին՝ Թորոսյանի կինը՝ Թամելլա Արզումանյանը, պահանջում է, որ ՀՀ նախագահի աշխատակազմը զբաղվի իր աղջկանով, հատուկ նրա համար աշխատատեղ ստեղծի, որ հաշմանդամ աղջիկը աշխատի։ Դե իսկ աշխատակազմն էլ բան ու գործ թողած, ինչ խոսք, պիտի աներ դա, բայց արի ու տես՝ չի արել ու դարձել է «բոբո»։
Առհասարակ, վերջին ժամանակահատվածում Մարտիրոսյանի ջանքերով մի քանի պարազիտների Ադրբեջան տեղափոխումը առիթ է տվել նաև մի քանիսին նրան դիմելու նույն խնդրանքով։ Հաշվի առնելով, որ Մարտիրոսյանը դեռ ողջ է, ապահով իր համար ապրում է Ադրբեջանում, նման մարդիկ փորձում են իրենց ոճրագործություններն ու հանցանքները հիմա էլ ազգադավությամբ համեմել։ Այդ ինչպե՞ս ստացվեց, որ աղջիկը գնաց Լիոն հոր հետ, դրանից հետո Մարսել, Ստրասբուրգ, ու ամեն տեղ, փաստորեն, նրանց հետապնդեց հայ առաքելական ու ավետարանչական եկեղեցին սպառնաց, ջլատեց, թույնեց, վերջում էլ տպավորություն ստեղծեց, որ հայրը բռնաբարել է սեփական աղջկան ու նրանց Հայաստան ուղարկեց։ Դե իսկ նրանք ընդամենը զոհ են։ Իսկ Հայաստանում նրանց ճնշումների են ենթարկում։ Եվ առհասարակ, այն հարցազրույցները, որոնք նրանք շատ հանգիստ դեմքով տալիս են լրատվականներին, նույնպես ճնշումների արդյունք են, այ հենց հարցազրույցի պահին նրանք ճնշման են ենթարկվում... Այդպես չի լինում, ու առհասարակ, այս պատմությունը մանրամասն ուսումնասիրելու արդյունքում միգուցե իրողություններ ի հայտ գան, որ Թորոսյանին ու իր կնոջը Բաքու ուղարկելու ու այնտեղից այլևս չվերադառնալու ցանկություն առաջանա արդեն բոլորի մոտ։ Ինչքան հեռու, այնքան լավ։