Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստան-Իրան գործարար համաժողովը, որին մասնակցեցին շուրջ 170 իրանական եւ հայկական ընկերություններ: Կարծում եմ` համաժողովի անցկացումն առանցքային նշանակություն կարող է ունենալ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերին նոր թափ հաղորդելու հարցում: Անկասկած, այն կավելացնի նաեւ իրանական ներդրումների ծավալը Հայաստանում:
Համաժողովին իրանցի գործարարները հայկական կողմից հավաստիացումներ ստացան ամենաբարձր մակարդակով: Նախագահ Սարգսյանը նրանց վստահեցրեց` Հայաստանը պատրաստ է յուրաքանչյուր ներդրումային ծրագրի ցուցաբերել առանձնահատուկ մոտեցում, միայն թե իրանական ընկերությունները ներդրումներ անեն Հայաստանում իրենց հետաքրքրող բոլոր ոլորտներում:
Երբ հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ ՀՀ-ում արտադրված ապրանքն առանց մաքսային ձեւակերպումների արտահանվում է ԵԱՏՄ անդամ երկրներ, դրանով Հայաստանն էլ ավելի գրավիչ է դառնում իրանցի ներդրողների համար:
Ուշագրավ է, որ գործարար համաժողովի ընթացքում ստորագրվել է 5 հուշագիր, համաձայն որոնց` «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն, «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնը» եւ «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» կհամագոծակցեն Իրանական կողմերի հետ: Համագործակցություն կծավալվի նաեւ ԻԻՀ Գիլան նահանգի առեւտրի արդյունաբերության եւ գյուղատնտեսության պալատի եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Գիլանի նահանգի եւ Արարատի մարզպետարանի միջեւ: