Բացվում է Հայաստանի՝ Եվրոպա տանող պատուհանը
Վերջին մի քանի ամիսներին շատ է խոսվում, որ Հայաստանում ներդրումների նվազումը լուրջ մարտահրավեր է, որը պետք է կանգնեցնել: Տարբեր շրջանակների կողմից տեսակետներ են առաջ քաշվում, թե ինչ հնարավորություններ կան Հայաստանում ներդրումների հոսք ապահովելու համար:
Ներդրումային հոսքերի և ՀՀ տնտեսության զարգացման ապահովման համար նոր ուղղություններ բացող ճանապարհներից մեկն էլ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև հարաբերությունների կարգավորման ձևաչափի ամրագրումն է՝ շրջանակային համաձայնագրի կնքումը, որը հիմք է լինելու համագործակցության պրակտիկ քայլերի իրականացման համար:
ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններին, հայտարարել է, որ ՀՀ-ն և ԵՄ-ն բանակցություններում մեծ առաջընթաց են գրանցել, ապա հաստատել, որ ապագա համաձայնագրի շատ տարրեր արդեն համաձայնեցված են, ոչ շատ փուլերի կարիք կլինի: Սվիտալսկին փաստել է, որ հաջորդ ամիս պարզ կլինի, թե երբ է կնքվելու համաձայնագիրը:
Սվիտալսկու հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ համաձայնագրի հիմնական դրույթների շուրջ արդեն համաձայնություն կա, մնում է սպասել բանակցությունների հաջորդ փուլի հաջող արդյունքներին: Կարևոր պահ է, որ փաստաթղթում ֆիքսվեն բոլոր հնարավոր տարբերակները, որոնք պայմաններ կստեղծեն արդյունավետ համագործակցության իրականացման համար: