Հայաստանյան ներքաղաքական գործընթացները ընթանում են դեպի 2017թ-ի խորհրդարանական ընտրություններ: Երկար ժամանակ է, ինչ արդար, թափանցիկ, բոլորի կողմից վստահելի ընտրությունների անցկացման խնդիրը գտնվում է ՀՀ հիմնական քաղաքական ուժերի մտահոգության տիրույթում:
ԸՕ-ում բարեփոխումներ կատարելու շուրջ «4+4+4» ձևաչափով ընդդիմադիր, իշխանական քաղաքական ուժերի և քաղհասարակության ներկայացուցիչների կողմից տեղի ունեցած քննարկումների արդյունքում կոնսենսուսով հայտարարություն ընդունվեց, որը նախատեսում էր ընտրությունների ընթացակարգի վերահսկման մեխանիզմների ներդնում: Սակայն ԸՕ-ի փոփոխությունների փաթեթի շուրջ քաղաքական համաձայնությունը կյանքի կոչելու հարցում նախաձեռնությանը մասնակից ուժերը պետք է կարողանային ներգրավել մոտ 15 մլն եվրո գումար: Քանի որ պետությունը այդ չափով միջոցներ չուներ ներդնելու համար, համաձայնության մասնակիցները որոշեցին դիմել համպատասխան դոնոր կազմակերպութուններին:
ԵՄ-ն դրական է գնահատել ԸՕ-ի շուրջ կայացած համաձայնությունը և պատրաստակամություն հայտնել ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում: Նախօրեին արդեն իսկ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որում նշվում էր, թե ԱՄՆ կառավարությունը ողջունում է ԸՕ-ի շուրջ կայացած համաձայնությունը և միանում է ԵՄ-ին, Մեծ Բրիտանիային և Գերմանիային՝ ապահովելու ֆինանսական օժանդակություն ընտրությունների անցկացման մեխանիզմների շուրջ կայացած համաձայնություններով նախատեսվող քվեարկության նոր գործընթացների ու սարքավորումների համար:
ԱՄՆ-ի այս հայտարարությունը կարևոր է այն առումով, որ հենց ԱՄՆ-ի, ինչպես նաև ԵՄ-ի՝ ֆինանսական օժանդակություն տրամադրելու հարցում առկա հանձնառությունն է առանցքային դեր ունենալու, որի արդյունքում ձեռք կբերվեն ընտրական գործընթացի պատշաճ կազմակերպման համար նախատեսված սարքավորումները, որոնց գործարկումը կբարձրացնի ընտրական գործընթացի նկատմամբ վերահսկողությունը և կապահովի քաղաքացիների ընտրական իրավունքների ամբողջական իրացումը:
Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի նկատմամբ միջազգային գործընկերների վստահության մակարդակի բարձրացումը որոշ չափով կախված է նաև ընտրությունների անցկացման որակից: