Ստեղծվում է աշխատանքային խումբ՝ Իրան արտահանումը դյուրացնելու նպատակով
Տնտեսական խնդիրներն ու հատկապես արտահանման հետ կապված խնդիրները քննարկելիս ամեն անգամ մենք հիշում ենք հարավային հարևանին, որն ունի հսկայական շուկա ու կարող է բարենպաստ դաշտ լինել՝ արտահանման ծավալներն ավելացնելու համար:
Իրանն, իրոք, շուրջ 80 մլն-անոց բնակչությամբ, թերևս Ռուսաստանից ոչ պակաս շուկա է, եթե նաև հաշվի ենք առնում այդ երկրի կոմպակտ լինելու հանգամանքը և արտասահմանյան ապրանքատեսակների սակավաթիվ լինելը:
Այսօր վարչապետը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ Արտաքին գործերի, Առողջապահության և Գյուղատնտեսության նախարարությունների հետ համատեղ քննարկել և 5-օրյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել ՀՀ վարչապետի որոշման նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն հայկական արտադրանքի, մասնավորապես՝ սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին:
«Հանձնարարում եմ աշխատանքային խմբին աշխատել իրանական կողմի հետ՝ Իրանի շուկա ՀՀ արտադրանքի արտահանման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունների ապահովման նպատակով Հայաստանում համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, որպեսզի ՀՀ արտադրանքը համապատասխանի Իրանի Իսլամական Հանրապետությունում պահանջվող չափորոշիչներին և Իրանի շուկա մուտք գործի դյուրացված կարգով: Աշխատանքային խմբի ղեկավարին մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն»,- նշել է գործադիրի ղեկավարը:
Միաժամանակ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին և ՊԵԿ նախագահին հանձնարարվել է շահագրգիռ մարմինների և ձեռնարկատերերի հետ համատեղ քննարկել Իրանի սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հնարավորությունները և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություն: