Գալիք խորհրդարանական ընտրությունները թեժ պայքար են խոստանում: Բացի այն, որ կուսակցություններն առաջին անգամ են մասնակցելու փոփոխված սահմանադրության նոր խաղի կանոններով, նաև հայտնվել են նոր ուժեր ու նոր շարժումներ, որոնք նույնպես մեծ ռեսուրսներով են գնում դեպի 2017 թվական:
Վերջերս տեղի ունեցավ նոր ձևավորված Միասնություն շարժման համագումարը: Վերջինիս քաղաքական հեռանկարն ու ճանապարհային քարտեզը բոլորովին այլ պիեսից է, ու վաղ է ինչ-որ ենթադրություններ անելու համար, սակայն արդեն նկատվում են որոշակի «բայց»-եր:
Լրագրողների հետ զրույցում Միասնություն շարժման համաժողովի մասնակից, ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանն անդրադարձել էր Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի՝ նոր ձևավորված շարժմանը միանալու թեմային: Վերջինս նշել էր՝ դեմ չի լինի, որ երկու գործարարները միանան այս շարժմանը. «Տա Աստված, որ միանան: Իրանց փողերից բերեն, ծախսեն, էս ջահելները բենզինի փող, շարժվելու փող կունենան»:
Ներկաների անունները կարդալով՝ կարելի է հստակ մի բան ֆիքսել: Շարժման ներսում գտնվում են մարդիկ, ովքեր նախկինում քարհալած էին անում քաղաքական Եռյակի գաղափարը՝ հիմքում դնելով այն թեզը, թե հեղափոխական շարժումը չի կարող նպատակին հասնել օլիգարխների հետ համագործակցության միջոցով: Զարմանում էին, թե ՀԱԿ-ը և Ժառանգությունն ինչու էին համագործակցում Գագիկ Ծառուկյանի հետ: Այսօր այդ նույն մարդիկ «Աստված են կանչում» ոչ թե մեկ, այլ երկու օլիգարխի՝ շարժմանը միանալու համար: Այստեղ հարց է առաջանում. եթե օլիգարխի հետ հեխափոխություն հնարավոր չէ իրականացնել, ապա ի՞նչ խնդիր են փորձում լուծել Միասնության անդամները՝ հրապարակային հրավերք ուղարկելով Ծառուկյանին և Սուքիասյանին: Եթե զուտ մի քանի մանդատ կորզելու համար ֆինանսական աջակցություն ու հովանավորչություն են ակնկալում, ապա դա այլ հարց է:
Հ.Գ. Բոլոր դեպքերում Սաղաթելյանի «էս ջահելները բենզինի փող, շարժվելու փող կունենան» արտահայտությունը շատ բաների մասին է խոսում: