Image result for ԸնդդիմությունԸնդդիմության «դաշինքների» վերադարձը

Հայաստանը մուտք է գործում քաղաքական զարգացումների ակտիվ փուլ: Խորհրդարանական ընտրություններին մնացել են ընդամենը հաշված ամիսներ, ուստի նախընտրական շրջանը վճռորոշ է լինելու քաղաքական ուժերի համար: Արդեն ՀՀ քաղաքական դաշտում գործող ուժերը իրենց հիմնական «խաղադրույքը» պետք է անեն 2017թ-ի ընտրություններում հաղթելու համար, քանի որ նախագահական ընտրություններ այլևս չեն լինելու, իսկ խորհրդարանական ընտրությունների ելքը վճռորոշ է լինելու հետագա տարիների քաղաքական կոնյուկտուրայի ձևավորման հարցում:

ՏԻՄ ընտրությունները մի շարք ներքաղաքական իրողություններ վեր հանեցին: Դրանցից առաջինն այն է, որ իրենց ընդդիմություն համարող հիմնանկան ուժերը չկարողացան լուրջ արդյունքներ գրանցել՝ բացառությամբ առանձին դեպքերի: Իրադարձությունների ընթացքը տարավ նրան, որ ընդդիմադիրները փորձեցին համագործակցության ելքեր որոնել, սակայն Վանաձորի քաղաքապետի ընտրությունը ցույց տվեց, որ այս ուժերի համագործակցության ձևաչափը թերի է, վստահության խնդիր կա:

Թերևս այս ձախողված փորձն է, որ ներկայումս քաղաքական ուժերը փորձում են հաշվի առնել առաջիկա ընտրություններին մասնակցելու ձևաչափը ընտրելիս: Այսպես՝ Հանրապետություն կուսակցությունը հավանական է համարել համագործակցությունը ՀԱԿ-ի հետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչները հայտնում են դաշինքով հանդես գալու իրենց պատրաստակամության մասին, ԲՀԿ ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Համախմբում կուսակցության անդամների հետ, քննարկումներ ծավալում և այլն:

Թե ինչքանով արդյունավետ կլինեն ուրվագծվող քաղաքական դաշինքները, ժամանակը ցույց կտա, սակայն մի իրողություն ակնհայտ է. եթե ընդդիմությունը ցանկանում է մեծաթիվ քվեներ վաստակել ԱԺ ընտրությունների ժամանակ, ապա պետք է միավորվի մեկ բևեռի ներքո՝ մի կողմ դնելով անձնական ամբիցիաները: Սակայն այստեղ հարցերի հարցն այն է, թե որ կուսակցության կամ գործչի շուրջ կարող է համախմբվել ընդդիմությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել