ՀԱԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ նոր Կառավարությունը ուզում է Հայաստանի բնակչության ցավոտ թեմաները հանգստացնող բառերով մեղմել: Խաչատրյանի կարծիքով՝ բենզինի, շաքարի, բանանի և ավտոկայանատեղիների շուրջ իրականացվող բարեփոխումները նման են քարոզարշավի:
Նման իրավիճակում հարկավոր է սթափ դատել: Պետք չէ աստվածացնել և հետո խաչել կամ էլ հակառակը: Փաստը մնում է փաստ, որ այս պահին նոր կառավարությունը աշխատում է, և հանրությանը տարիներ ի վեր հուզող մի շարք խնդիրներ ստանում են իրենց լուծումը: Այլ հարց է, թե որքան հետևողական կլինի գործադիրը, և մինչև երբ կշարունակի այս գործընթացը:
Լավի ու վատի նժարները պետք է հավասար լինեն օբյեկտիվությանը: Անկախ քաղաքական հայացքներից և հուզականությունից՝ հասարակությունը պետք է առողջ արձագանքի: Հենց օպերատիվ և օբյեկտիվ արձագանքն է հաճախ դառնում առաջացած խնդրի լուծման «հաբ»: Ինչ վերաբերվում է Խաչատրյանի մտահոգությանը կայանատեղիների, բանանի և այլնի վերաբերյալ, կարծում եմ՝ սրանք հանրային հետաքրքրություն շոշափող թեմաներ են, ու նորմալ է, որ վարչապետը առաջիններից մեկը հենց դրան անդրադարձավ: