Քաղաքական ուժերի հիմնական նպատակակետը ներքաղաքական մրցապայքարում հաղթանակի հասնելն է, որը ձեռք է բերվում ընտրությունների արդյունքում: Իսկ ընտրություններում լուրջ արդյունքի հասնելը հեշտ գործ չէ, այն պահանջում է երկրի զարգացման համար իրատեսական ծարգրերի կազմում, սիստեմատիկ աշխատանք երկրի քաղաքացիների հետ, քարոզարշավում մեծ ռեսուրսների ներդրում: Պետք է ի նկատի ունենալ, որ կուսակցության հաջողությունը քաղաքական պայքարի գործընթացում պայմանավորված է հիմնականում երկու կարևոր գործոններով:
Նախ, որպեսզի քաղաքական ուժը արժանանա ժողովրդի մեծ մասի վստահությանը, պետք է, որ այդ կուսակցական էլիտայի շարքերում ընդգրկված լինեն խարիզմատիկ, փորձառու և ժողովրդի վստահությունը վայելող գործիչներ: Այս տարբերակի դեպքում կուսակցության կենսագործունեության համար մեծ է անհատի գործոնը: Մյուս կարևոր գործոնը կուսակցական կայացած և գործուն թիմի առկայությունն է: Այսինքն` սա այն դեպքն է, երբ քաղաքական ուժի կենսագործունեությունը պայմանվորված է թիմային աշխատանքի արդյունքներով, իսկ անհատական ազդեցության գործոնը փոքր է:
Փորձը ցույց է տալիս, որ առավել մեծ է այն քաղաքական ուժերի հաղթանակի հնարավորությունը, որի կազմում զուգահեռաբար կան և՛ կայացած թիմ, և՛ մեծ պոտենցիալ ունեցող գործիչներ: Առանց քաղաքական հենարանի քաղաքական գործիչները մեծ դժվարություններով կարող են ռեալիզացնել իրենց ծրագրերը: Օրինակ՝ ԱՄՆ նախագահի ընտրության համար ծավալվող ընտրապայքարի ընթացքում առաջին հայացքից թվում էր, թե պայքարում հիմնական շեշտը դրվում է անհատների՝ թեկնածուների որակների վրա, բայց արդյունքները ցույց տվեցին, որ առանցքային է նաև քաղաքական թիմի աշխատանքը: Հանրապետական կուսակցության ներսում ծավալված թեժ ընտրապայքարի նախնական փուլում փորձագետներից շատերը կանխատեսում էին, որ Դոնալդ Թրամփը հակված է դուրս գալու և ընտրապայքարի հետագա ընթացքին մասնակցելու որպես անկախ թեկնածու: Ի վերջո Թրամփը կողմորոշվեց, որ պետք է հանդես գալ որպես Հանրապետական կուսակցության թեկնածու, քանի որ հաշվարկները ցույց տվեցին՝ եթե հանդես չգա կուսակցության անունից, ապա իր հաջողության հասնելու գործակիցը կնվազի: Նա շարունակեց մոբիլիզացնել կուսակցական թիմը՝ բարձրացնելով իր հաղթանակի հավանականության գործակիցը:
Նմանատիպ իրավիճակներ կարող են ի հայտ գալ նաև մեր երկրում: Պետական համակարգում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում պետական ապարատի վերին օղակներում նշանակվել են նոր պաշտոնյաներ, ովքեր իրենց ծրագրերը իրականացնելու հարցում քաղաքական հենարան ունենալու խնդիր ունեն, ու այս համատեքստում պատահական չէ նաև վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին անդամակցության թեմայի արծարծումը: