Կոռուպցիայի դեմ պայքարը որքան կարևոր, այնքան էլ բարդ գործընթաց է իրենից ենթադրում: Դրա համար պետությունը պարտավոր է մշտապես ուշադրության տակ պահել այս խնդիրը, մտածել այլընտրանքային մեթոդներ:
Պաշտոնատար անձանց մի ստվար զանգված եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը ներկայացնում են օրենքով սահմանված կարգով, սակայն կան նաև այնպիսիք, որոնք օրենքով պարտավորված չեն ներկայացնել իրենց ունեցվածքի վերաբերյալ տեղեկություն և ընդգրկված են խոշոր պետական գնումների գործընթացներում:
Այս իրավիճակում կարող են առաջանալ կոռուպցիոն ռիսկեր։ Խնդրի լուծման նպատակով գործադիր մարմնի հերթական նիստի ընթացքում վարչապետը հանձնարարական է տվել արդարադատության նախարարին: Վարչապետի հանձնարարականով երեքշաբաթյա ժամկետում պետք է ներկայացվի հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնման առաջարկություն:
Բացի դրանից՝ շատ կարևոր է, որպեսզի հանրությունը ավելի լավ պատկերացում կազմի կոռուպցիայի դեմ տարվող պայքարի գործընթացների ու արդյունքների մասին: Այդ նպատակով վարչապետի մեկ այլ հանձնարարականով կընդլայնվի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները, իսկ ահա կոռուպցիայի դեմ պայքարող իրավապահ մարմինները իրենց կատարած քայլերի մասին ամեն տարի հանդես կգան հանրային հաշվետվությամբ: