Տարբեր պետական կառույցներում գործում են «Թեժ գծեր», որոնք ստեղծվել են քաղաքացիներին հուզող հարցերին պատասխանելու համար: Հաճախ անգամ աշխատանքային ժամերին այս բաժիններ ուղղված հեռախոսազանգերը մնում են անպատասխան: Այսօր պարզվեց, որ վերջին մի քանի օրերին ՀՀ վարչապետի խորհրդականների հեռախոսահամարների հրապարակումից հետո, իրենց կամքից անկախ, «Թեժ գծերի» աշխատանքը կատարել են ՀՀ վարչապետի խորհրդականները:
«Թեժ գծերի» վատ աշխատանքի ու գերատեսչությունների կայքերի հետ կապված խնդիրների վերաբերյալ այսօր նախարարները հանձնարարական են ստացել գործադիրի ղեկավարից: Դիմելով նախարարներին՝ ՀՀ վարչապետն ասել է. «Ձեր կայքերն ու թեժ գծերը ռեվիզիա արեք: Նշեք ձեր գործառույթները, դրանց պատասխանատուներին, քանի որ իմ օգնականները, բացի զանգերին պատասխանելուց ու հանդիպելուց, ուրիշ գործ չեն կարող անել»:
Հեռախոսահամարների հրապարակման օրվանից սկսած՝ ՀՀ վարչապետի օգնականներն ստացել են 2 156 հեռախոսազանգ, 586 էլեկտրոնային հաղորդագրություն, շուրջ հարյուր հանդիպում են ունեցել: Վարչապետը նշել է՝ օգնականները լսել են բոլորի խնդիրներն ու ըստ ոլորտների՝ փոխանցել գերատեսչություններին:
Ինչ վերաբերում է պաշտոնական կայքերին, այս մասով խնդիրներ ևս հաճախ են լինում: Տպավորություն է, որ պետական կառույցները չեն կարևորում կայքերի դերը: Որոշ պաշտոնական կայքերում իսկական խառնաշփոթ է, դրանք ոչ միայն չեն թարմացվում, այլև եղած տեղեկությունը դժվար է լինում գտնել: Վարչապետի հանձնարարականը տեղին է, մնում է հուսալ, որ այսուհետ նման խնդիրներ քիչ կլինեն: