Միխայիլ Խադարկովսկին Արևմուտքին կոչ է արել պատրաստվել հետպուտինյան Ռուսաստանի հետ քաղաքական համագործակցությանը։ Ավելի ճիշտ կլիներ ասել՝ Ռուսաստանի հետ նոր քաղաքական օրակարգ ձևավորելուն։ Սա Խադարկովսկու համոզումն է, քանի որ վերջինս չի կասկածում, որ մոտենում է պուտինյան Ռուսաստանի ժամանակաշրջանի ավարտը։ Խնդիրը իրականում հետևյալում է։ Խադարկովսկին, իհարկե, իր քաղաքական կողմնորոշման մասին վաղուց է բարձրաձայնել, սակայն որոշակի պարզաբանման կարիք, այնուամենայնիվ, կա։
Տեսեք, այսօրվա քաղաքական իրավիճակը թելադրում է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերի բախում։ Այդ շահերը տարբեր հարցերում երբեմն բախվում են թույլատրված նորմերից ավելի շատ։ Եվ այս հակադրությունները սովորաբար տարածվում են նաև այն պետությունների վրա, որոնք կրում են այս երկու կանանց ազդեցությունը։ Անմիջական կամ քողարկված։ Սա էլ իր հերթին առաջ է բերում Արևմուտք ու Ռուսաստան հակադրությունը, որը, մեծ հաշվով, ծուղակ է։ Առհասարակ, պետությունների զարգացվածության գլխավոր ցուցիչը, իհարկե, տնտեսական, քաղաքական կայուն համակարգ ունենալն է։ ԱՄՆ-ում այս երկու ինստիտուտը կայացած է անկախ իր թերություններից։ Ռուսաստանում դա չկա։ Դա ընդունում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Բացի այդ՝ Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնես մոդելները կառուցված են ու գործում են արևմտյան ստանդարտներով։ Այսինքն՝ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Ռուսաստանը այս պահին ի վիճակի չէ ոչ միայն ԱՄՆ-ին, այլ նաև Արևմուտքին հակակշիռ ապահովել։ Պարզապես կան կարմիր գծեր, որոնցից այն կողմ Ռուսաստանը չէր անցել և անցավ հատկապես ուկրաինական ու սիրիական ճգնաժամերի ժամանակ։ Ռուսաստանին ընդամենը պետք էր, որ իր հետ հաշվի նստեն, և դա տեղի ունեցավ։ Ավելին պուտինյան Ռուսաստանը այս պահին անել չի կարող։
Ինչ մնում է Խադարկովսկու հայտարարությանը, ապա, մեծ հաշվով, սա իրականություն է։ Մոդիֆիկացված Ռուսաստանի տեսլականը Վլադիմիր Պուտինին այդքան էլ չի գրավում։ Եվ հետո աստիճանաբար նկատվում է, որ Ռուսաստանի գործող քաղաքական համակարգը սպառում է իրեն։ Իսկ Պուտինի մոտ ի հայտ է գալիս հիվանդության պես մի բան, որ հատուկ է եղել աշխարհի շատ ու շատ երկրների առաջնորդներին։ Նրանք երբեմն կորցնում են չափ ու սահմանի զգացողությունը, որի համար երբեմն ստիպված են լինում շատ թանկ վճարել։