Image result for ՎարչապետՎարչապետ. վաղվա օրը գրագետ մարդու օր է

ՀՀ նոր վարչապետը ցանկանում է մեր երկիրը տեսնել ավելի արդար ու զարգացած: Հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ Կարեն Կարապետյանը շեշտել է, որ մեր երկրի զարգացման բարենպաստ պայմանների համար անհրաժեշտ է կրթված սերունդ: «Վաղվա օրը գրագետ մարդու օր է»,- հավելել է վարչապետը:

Ի դեպ, ըստ Կ.Կարապետյանի կառավարության ծրագրի՝ 2018 թվականից սկսած՝ գիտության ֆինանսավորման ծավալների հիմնական մասը կուղղվի կիրառական և փորձակոնստրուկտորական ծրագրերի ոլորտ։ Մինչ այդ՝ 2017-ին, ուսումնական հաստատությունների ծրագրերը կհամապատասխանեցվեն աշխատաշուկայի պահանջներին:

Հարցազրույցի ընթացքում վարչապետն ասել է, որ կառավարությունն առաջնային խնդիր է համարում ստեղծագործող մարդուն, բիզնեսը խոչընդոտներից հեռու պահելը: Կառավարությունն այս ոլորտում ստանձնելու է խթանողի դերը: Բիզնես միջավայրում ակտիվություն մտցնելու համար, ըստ Կարեն Կարապետյանի, ստեղծվելու է ներդրումային հիմնադրամ:

Հարցազրույցի ընթացքում վարչապետը հավելել է, թե պատրաստ է մինչև վերջ իր կարողությունները դնել, և այն պահին, երբ կզգա, որ օգուտ չի տալու, մի օր ավել չի մնա իր պաշտոնին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել