Խորհրդարանի կողմից հաստատվեց Կառավարության ծրագիրը, որում նախանշվում են այն ուղղությունները, որոնք երկիրը դուրս կհանեն ստեղծված ծանր վիճակից և նախադրյալներ կստեղծեն հետագա զարգացման համար: Ծրագրով խոստացվում է արդյունավետ բարեփոխումների միջոցով ապահովել մեր երկրի գերագույն արժեք հանդիսացողի՝ ՀՀ քաղաքացու պաշտպանվածությունը, արժանապատվությունը, կենսամակարդակի բարձրացումը, արդար հասարակության մեջ ապրելը, լավատեսությունն ապագայի նկատմամբ։
Առաջին հայացքից թվում է՝ զարմանալի է, որ կառավարության ծրագրում նշված չէ, թե աճի ծրագրով նախատեսած ժամկետում ինչ ցուցանիշ է նախատեսում գրանցել կառավարությունը: Սակայն իրականում տնտեսական ցուցանիշների կանխատեսումների ընդգրկումը կառավարության ծրագրի մեջ դուրս կլիներ իրատեսության հարթությունից, քանի որ կառավարությունը նոր է ձևավորվել և ժամանակային առումով անհնար էր այս կարճ ժամանակահատվածում տնտեսության լուրջ վերլուծություն իրականացնել:
Կառավարության կողմից տնտեսության բազմակողմանի ուումնասիրությանը բնականաբար պետք է հետևի համապատասխան գործիքակազմի կիրառումը: Այդ ժամանակ կառավարության ծրագիրը կդրվի գործնական հողի վրա, և տեսանելի կդառնան տնտեսական աճի գրանցման միտումները: