Ազգային ժողովում երկու օր է՝ քննարկվում է կառավարության կողմից ներկայացված ծրագիրը: Ինչ խոսք, կարծիքները հակասական են: Խորհրդարանի ընդդիմադիր ճամբարից հնչում են տարատեսակ քննադատություններ ծրագրի առանձին դրույթների վերաբերյալ:
ՕԵԿ խմբակցության պատգամավորների ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ գործադիրի ներկայացրած ծրագրում ներառված են կետեր, որոնք եղել են նաև նախորդ կառավարությունների ծրագրերում: Խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, մասնավորապես, մտահոգություն էր հայտնել, թե գործադիրը նախորդ կառավարությունների նման ծրագրում գրել է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Դժվար է կոնկրետ ասել, թե ՕԵԿ-ականների համար 33-էջանոց փաստաթղթում ինչու՞ է հենց այս փաստն ուշադրություն գրավել կամ ի՞նչ առեղծվածային բան են տեսնում նրանք կոռուպցիայի դեմ պայքարը հիմնական ուղղություններում ներառելու մեջ, այնուամենայնիվ, կարելի է մի քանի նկատառում անել՝ կապված այս երևույթի հետ:
Նախ և առաջ անտրամաբանական է այն մոտեցումը, ըստ որի, եթե շատերը փորձել են քայլեր ձեռնարկել կոռուպցիայի դեմ, ապա նոր կառավարությունը չպետք է դա ներառի ծրագրում: Միևնույն ժամանակ Օրինաց երկրի պատգամավորները դժգոհություն էին հայտնել, որ կառավարությունը չի հորդորդել, որ օֆշորներից պետության փողերը հետ վերադարձնեն: Երբ կոռուպցիայի դեմ պայքարը ՕԵԿ-ը համարում է դեկորատիվ ատրիբուտ և այդ ամենի ֆոնին բարձրաձայնում է օֆշորների մասին, չե՞ք կարծում, որ այդտեղ կտրվում է տրամաբանական կապը այս երկու հայտարարությունների մեջ: Կոալիցիայից դուրս գալու տարիներից ի վեր՝ ՕԵԿ-ը խոսել է կոռուպցիոն երևույթի մասին, հետաքրքիր է՝ այդ ի՞նչն է այսօր զարմացնում, երբ խոսքը գնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Կարծում եմ, որ առաջին հայացքից անտրամաբանական թվացող ՕԵԿ-ի հայտարարությունները որոշ չափով ունեն բացատրություն: Առաջիկայում 2017 թվականի ընտրություններն են, որի ժամանակ տեղի է ունենալու քաղաքական եզրափակիչ մարաթոնյան մրցավազքը: Ու հենց այս տրամաբանության շրջանակներում են այսօր խորհրդարանի քաղաքական ուժերը կառուցում իրենց ելույթների հիմնական թեզերը: Այո՛, ընտրություններից առաջ կուսակցությունների ակտիվությունը խիստ տրամաբանական գործընթաց է, սակայն դրանք չպետք է հիմնված լինեն դեմագոգիայի վրա: