Այնպես է ստացվել, որ Հայաստանում երթևեկելը դարձել է կյանքի համար խիստ վտանգավոր երևույթ:
Կրկին Հայաստանում շատ անսպասելի կերպով ՁՅՈՒՆ տեղաց՝ չնայած նրան, որ արդեն մեկ շաբաթ անընդմեջ հանրությունը և ճանապարհասպասարկու պատկան մարմիններն ու վարորդները տեղեկացվում են դրա մասին:
Այսօր ձյան ու չմաքրած ճանապարհների, ինչպես նաև ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու պատճառով զոհվել է ուսանող աղջիկ: Ո՞վ կարող է բացատրել՝ այդ ողբերգական դեպքի համար պատասխանատուներն ովքե՞ր են:
Հարցս հռետորական է:
Սակայն, երբ ունենք ճանապարհասպասարկման տեսանկյունից ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ, վտանգի արհամարման ընկալում, ապա ունենում ենք չմաքրած, վտանգավոր երթևեկելի ճանապարհներ և վթարի ենթարկված մեքենաներ, ցավոք, անդառնալի հետևանքներով:
Ամեն եղանակային փոփոխություն այս տեսանկյունից ցույց է տալիս ճանապարհ սպասարկող պատկան մարմինների տաղանդավոր անպատասխանատվությունը սեփական գործի, մարդկանց կյանքերի նկատմամբ:
Ինչո՞ւ է Չարենցավան-Աբովյան ճանապարհահատվածը, որը Երևան-Սևան մայրուղու՝ համեմատաբար ամենավտանգավոր հատվածն է, ժամը 8:30-ին անմշակ, չմաքրված, այնինչ այն պետք է մաքրված և արդեն մշակված լիներ ժամը 07:00-ին, որպեսզի երթևեկը նախ լիներ անցանելի, ոչ վտանգավոր, այնուհետև չառաջանային խցանումներ: Մայրուղում խցանումներ են լինում, հասկանում ե՞ք, ու դա չմաքրման պատճառով է...
Ինչու՞ Սևան-Երևան մայրուղու, որը հանրապետական նշանակության գլխավոր ճանապարհներից է, համարյա բոլոր հատվածներում ժամը 07:00-ի դրությամբ մաքրման աշխատանքները դեռևս սկսված չեն...
Ինչու՞ է իրեն վարորդ համարող անձնավորությունը ձնից չմաքրված ու վտանգավոր մայրուղով երթևեկում ամառային անվադողերով...
Ինչուների շարքը կարելի է շարունակել: Սակայն մի բան հստակ է․ Հայաստանում սպասվող ձյունը միշտ էլ անսպասելի է տեղում, իսկ մարդիկ, ովքեր կոչված են ճանապարհ սպասարկելուն, միշտ էլ անկազմակերպ են ու «կռուտիտի» մեջ սպորտի վարպետ:
Ձյունը երբ էլ ուզի, գալու է, կապ չունի՝ տարվա որ եղանակն է, ու առավել ևս, որ ամիսն է: Ուստի, ճանապարհասպասարկու պատկան մարմիններ՝ տարբեր անվանումներով ձոնված ՃՇՇ-ներ, ձեզ պատվիրակված գործը ալարելով մի՛ կատարեք, ձեր օպերատիվ ու նվիրված աշխատանքով անմիջականորեն պայմանավորված է մարդկանց անվտանգ տեղաշարժը: Ձեր անփույթ և անձնվիրաբար աշխատանքը կարող է մարդկային կյանքեր արժենալ: Ուստի ոչ թե խնդրում, այլ պահանջում ենք պատշաճ կատարել ձեր գործը: Չենք մոռանում նաև վարորդներին: Հարգելի՛ վարորդներ, մեկ շաբաթ անընդմեջ մետեո կանխատեսման տարատեսակ ծանուցումներ էլ չմնաց, որ չտեղեկացնեն ձյան մասին, փոխեք ձեր կողմից շահագործվող մեքենաների անվադողերը և մեքենան համապատասխանեցրեք ձմեռային եղանակին: Ձմեռային անվադողերը ձյան առկայության պայմաններւմ ուղղակի օդի ու ջրի պես պարտադիր պայման են: